«Facebook-ի դեմքերը. Մասնավոր կյանքը ավելացված իրականության դարաշրջանում» (Faces of Facebook: Privacy in the Age of Augmented Reality) հետազոտության հեղինակներն ապացուցել են, որ Facebook-ում տեղադրված լուսանկարների միջոցով հնարավոր է ճշտել փողոցում հանդիպած ցանկացած մարդու ինքնությունը: Ավելին, կարելի է նրա մասին ցանկացած տեղեկատվություն ստանալ, որը կա ինտերնետում, հաղորդում է BFM-ն:
Facebook-ում արդեն խնդիրներ են ծագել լուսանկարներում մարդկանց դեմքերը ճանաչելու տեխնոլոգիայի հետ կապված, որը թույլ է տալիս ավտոմատ կերպով նշել օգտագործողներին` ընկերների ալբոմներում, նշում է Mashable տեխնոբլոգը:
Ցանկացած մարդ, ով էջ ունի Facebook-ում, փաստացի գտնվում է տվյալների բազայում, որը կարող է օգտագործել ով պատահի:
Սոցիալական ցանցի օգտագործողը կարողէ նույնականացվել հենց փողոցում. բավական է միայն բջջայինով նկարել նրան եւ օգտվել ճանաչման հատուկ ծրագրից: Այս մասին պատմել են համակարգչային անվտանգությանը նվիրված Black Hat կոնֆերանսի ժամանակ, որը կայացել է Լաս Վեգասում:
Հետազոտողներ Ալեսանդրո Ակվիստին, Ռալֆ Գրոսը եւ Ֆրեդ Ստուցմանը հավաքել են Facebook-ի ուսանող օգտագործողների 25 հազար լուսանկարներ, այնուհետեւ ցանկացողներին առաջարկել են «հայացք նետել» համալսարաններից մեկում տեղադրված տեսախցիկին: Արդյունքում նույնականացվել են նրանց 31 տոկոսը: Յուրաքանչյուր լուսանկարի վերլուծության համար անհրաժեշտ է եղել մոտ 3 վայրկյան:
Հետո անցկացվել է եւս մեկ փորձ, որի արդյունքում Facebook-ի շուրջ 278 հազար լուսանկարներ համեմատել են ծանոթությունների կայքերի անանուն օգտագործողների 6 հազար լուսանկարների հետ: Արդյունքում նույնականացվել էր յուրաքանչյուր 10-րդը:
Պարտադիր չէ, որ տվյալների աղբյուրը լինի հենց Facebook-ը: Նույն հաջողությամբ կարելի է օգտվել այլ սոցիալական ցանցերի բաց տվյալներից, ինչպիսիք են LinkedIn-ը, Google+-ը կամ «Օդնոկլասսնիկին»:




























