Վանա լճի աղտոտվածության աստիճանը որոշելու ընթացքում թուրք գիտնականները հայտնաբերել են, որ լճի ընդերքում գտնվում է 50 հազար տոննա ծավալով ուրանի հանքեր։
Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ Էլազըղի Ֆըրաթ համալսարանի պրոֆեսոր Մեհմեդ Յամանը նախորդ ամիս միջազգային մի գիտական պարբերականում հոդված է տպագրել, որտեղ ներկայացրել է Վանա լճում եւ հարակից գետերում իրականացրած իր ուսումնասիրության արդյունքները։
Նշվում է, որ 2008-ին Վանա լճի աղտոտվածության աստիճանը որոշելու աշխատանքների ժամանակ պրոֆ. Յամանը լաբորատոր հետազոտության ժամանակ ջրում ուրան է հայտնաբերել, որը համարժեք է 1 լիտր ջրում 76 միկրոգրամ ուրան։ Հաշվարկվել է, որ լճի ընդերքում գտնվում է մոտ 7,5 միլիարդ դոլար արժողությամբ ուրանի հանքեր։ Թուրք պրոֆեսորը փաստը ուրախալի է համարում՝ շեշտելով, որ ուրանը կարող է օգտագործվել Թուրքիայում կառուցվելիք ատոմակայաններում, ինչպես նաեւ արտահանվել։



























