ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 8-ին շնորհավորական հեռագիր է հղել «Արմենիա» առագաստանավի անձնակազմին` շուրջերկրյա նավարկության հաջող ավարտի կապակցությամբ:
Հեռագրում ասված է.
«Շնորհավորում եմ ձեզ մեր ժողովրդի պատմության մեջ առաջին շուրջերկրյա նավարկության հաջող ավարտի կապակցությամբ:
Ողջ Արցախը ուշադիր հետեւում էր «Արմենիա» առագաստանավի ոչ հեշտ, իսկ հաճախ էլ նաեւ վտանգավոր երթուղուն: Աշխարհասփյուռ հայերի վրա խորին տպավորություն է գործել այն փաստը, որ շրջանցելով իր վտանգավորությամբ հայտնի Հորն հրվանդանը, դուք այնտեղ տեղադրել եք հայկական խաչ` ի հիշատակ երկրագնդի բոլոր անմեղ զոհերի:
Լինելով Սփյուռքի ամենատարբեր մասերում` դուք հայրենասիրության հզոր լիցք եք հաղորդել մեր հայրենակիցներին, ինչի կարեւորությունը դժվար է գերագնահատել:
Կրկին շնորհավորում եմ առագաստանավի անձնակազմին հայրենանվեր առաքելության փառավոր ավարտի կապակցությամբ: Կամքի ու ոգու այդ հերթական հաղթանակը իր արժանի տեղը կզբաղեցնի մեր ժողովրդի պատմության մեջ:
Անհամբեր սպասում ենք ձեզ արցախյան հողում»:




























