Սեպտեմբերի 1-ից դպրոցներում եւ ԲՈՒՀ-երում դասերի նոր ժամային գրաֆիկների կիրառման մասով մոնիտորինգ կանցկացվի: Այսօր` օգոստոսի 8-ին նման հանձնարարական է տվել Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը` հերթական խորհրդակցության ժամանակ:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հունիս եւ հուլիս ամիսներին Երեւանում տեղադրվել է 2900 նոր աղբաման, ներկրված եւս 4000 աղբամանները մինչեւ սեպտեմբերի 1-ը կտեղադրվեն վարչական շրջանների պահանջվող տեղերում: Այս համատեքստում ոլորտի պատասխանտուներին հանձնարարվել է արագացնել աղբահանության մրցույթի կազմակերպման նախապատրաստական փուլը եւ մինչեւ սեպտեմբերի 1-ը իրավաբանական եւ ֆիզիկական անձանց հետ ավարտել աղբահանության պայմանագրերի կնքման գործընթացը, ինչպես նաեւ խիստ ուշադրություն դարձնել վարձավճարների հավաքագրման ցուցանիշներին:
Անդրադառնալով նոր ուս. տարվա նախապատրաստական աշխատանքներին, նշվել է, որ մի շարք դպրոցներում ընթանում են նորոգման մասնակի աշխատանքներ: Ըստ կրթության վարչության պետի զեկույցի, քաղաքապետարանի ենթակայության ընդամենը 2 դպրոցներում ուսումնական տարվա սկզբին բարեկարգման աշխատանքները ավարտված չեն լինի`պայմանավորված նորոգման մեծ ծավալներով:
Ստորգետնյա անցումների բարեկարգման ծրագրի մասով, քաղաքապետը նշել է, որ առաջիկայում հայտարարվող մրցույթներով հավանական ներդրողներին կներկայացվեն պայմանները,համաձայն որոնց տարածքները կնորոգվեն ու կլուսավորվեն ,կապահովվի սանիտարական պատշաճ վիճակը, նաեւ առեւտրային տաղավարներ կառաջարկվեն բիզնեսով զբաղվող քաղաքացիներին:
Զեկուցվել է, որ համահայկական 5 րդ խաղերի մեկնարկի հետ կապված նախապատրաստական աշխատանքներն ավարտվել են:
Աշխատանքային խորհրդակցության ընթացքում քաղաքապետ Կարեն Կարապետյանը հատկանշել է Շառլ Ազնավուրի թանգարանի հարակից տարածքը պատշաճ տեսքի բերելու ,ինչպես նաեւ «էրեբունի» արգելոց թանգարանի ներդրումային ծրագիրը հստակեցնելու անհրաժեշտությունը: Հանձնարարվել է արագացնել «Արտ Վիլլիջ» ժամանակակից արվեստի թանգարանի ծրագրի մշակման գործընթացը եւ հստակեցնել աշխատանքները «Հաղթանակ» զբոսայգու ընդհանուր վերակառուցման ծրագրի ներդրողների հետ:




























