Ղարաբաղյան կարգավորումն ու Կասպից ծովի իրավական կարգավիճակի հարցերն են քննարկելու Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահներ Իլհամ Ալիեւն ու Դմիտրի Մեդվեդեւը Սոչիում օգոստոսի 9-ին կայանալիք բանակցություններում:

Ինչպես օգոստոսի 8-ին լրագրողներին հայտնել են ՌԴ նախագահի մամուլի ծառայությունից, Ալիեւը Ռուսաստան կայցելի ՌԴ նախագահի հրավերով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Հանդիպման ընթացքում նախատեսված է կարծիքների հանգամանալից փոխանակում առաջին հերթին ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի, նաեւ ռուս-ադրբեջանական հարաբերությունների եւ տարածաշրջանային օրակարգի վերաբերյալ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Կրեմլում հիշեցրել են, որ Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահները պարբերաբար հանդիպում են եռակողմ ձեւաչափով` Հայաստանի նախագահի հետ: Վերջին նման հանդիպումը կայացել է հունիսի 24-ին Կազանում:

Ակնկալվում է, որ Մեդվեդեւն ու Ալիեւը Սոչիում քննարկելու են կասպիական թեմատիկան, կարծիքներ են փոխանակելու հումանիտար ոլորտի վերաբերյալ: