ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը դաշինքի անդամ երկրներին կոչ է արել պատրաստվել նրան, որ Ուկրաինային օգնելու համար երկար ժամանակ կպահանջվի։ Այս մասին նա ասել է իսպանական La Vanguardia թերթին տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ այժմ ՆԱՏՕ-ի առաջնային խնդիրը Ուկրաինային օգնելն է։

«Պատերազմներն անկանխատեսելի են, եւ ոչ ոք չի կարող ասել, թե ինչպես եւ երբ կավարտվի դա, բայց մենք պետք է պատրաստ լինենք երկարաժամկետ հեռանկարում պահպանել մեր աջակցությունը»,- ասել է գլխավոր քարտուղարը։

Նա ասել է, որ խոսքն ինչպես Կիեւին զենք մատակարարելու, այնպես էլ մատակարարվող նյութը աշխատանքային վիճակում պահելու մասին է։

Հյուսիսատլանտյան դաշինքի մյուս դերը էսկալացիա թույլ չտալն է, ընդգծել է Սթոլթենբերգը։

«Եթե սա վերածվի ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի միջեւ պատերազմի, դա շատ ավելի մեծ ավերածություններ ու վնաս կբերի ամբողջ Եվրոպային: Ուստի մենք պարտավոր ենք գործել այնպես, որ չնպաստենք եւ չհանգեցնենք էսկալացիայի»,- ընդգծել է ՆԱՏՕ-ի ղեկավարը։

Նա հավելել է, թե ՆԱՏՕ-ն հասկացնում է, որ աջակցում է Կիեւին, բայց չի մասնակցում պատերազմին։

Սթոլթենբերգը հստակեցրել է, որ Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության սկզբից ՆԱՏՕ-ի զորքերի թիվն արեւելքում հասցվել է 40 000-ի՝ զգալի ռազմածովային եւ ռազմաօդային ուժերի աջակցությամբ։

«Նպատակը պատերազմ հրահրելը չէ, այլ այն կանխելը, խաղաղությունը պահպանելը եւ Մոսկվայում խառնաշփոթից կամ թյուրիմացությունից խուսափելը՝ բոլոր դաշնակիցներին պաշտպանելու ՆԱՏՕ-ի պատրաստակամության հարցում»,- եզրափակել է Սթոլթենբերգը։