Երեւանի ավագանու այսօրվա` օգոստոսի 8-ի արտահերթ նիստում միաձայն որոշվել է փոփոխել Երեւան քաղաքի բյուջեն` ավելացնելով եկամուտներն ու ծախսային ուղղությունների վերաբաշխում կատարել: Ըստ այդմ, նշվել է, որ լրացուցիչ գումարների հաշվին հնարավոր կլինի շենքերի ֆասադային մասերի բարեկարգման ծրագրում ընդգրկել եւս 200 շենքեր:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ լրացուցիչ գումարներ կուղղվեն Երեւան քաղաքի հեղեղատար կոյուղու վերակառուցման եւ բարեփոխման աշխատանքների Երեւանի քաղաքապետի կողմից հաստատված ծրագրի որոշ առաջնահերթ աշխատանքների իրականացմանը: Մասնավորապես կվերականգնվեն ու կվերանորոգվեն Թեւոսյան, Սեւանի, Ծխախոտագործների, Ռուբինյանց եւ Լենինգրադյան փողոցների անձրեւատարերն ու անձրեւընդունիչները: Զբոսաշրջային ոլորտում աշխարհում ընդունված տուրիստական ավտոբուսներով մայրաքաղաքի տեսարժան վայրերով  զբոսաշրջային բազմալեզու շրջայցեր կազմակերպելու նպատակով, ինչը նաեւ բյուջետային լրացուցիչ եկամուտներ կապահովի, ձեռք կբերվի երկու երկհարկանի ավտոբուս: Լրացուցիչ գումարների հաշվին կիրականացվեն նաեւ բնապահպանական, շինբարեկարգման, տոնական միջոցառումների եւ բնակչության հանգստի կազմակերպման մի շարք այլ ծրագրեր:

Ավագանին միաձայն քվեարկությամբ հավանություն է տվել նաեւ «Երեւան Սիթի Փարքինգ Սերվիս Սիստեմս» ՍՊԸ հիմնելու մասին որոշման նախագծին: Մայրաքաղաքում ժամանակակից, ապահով եւ մատչելի ճանապարհային կառավարման եւ անվտանգության համակարգ ներդնելու նպատակով` Երեւանի քաղաքապետարանի եւ Լատվիական «Սիթի Փարքինգ Սերվիս Սիստեմս» ընկերության միջեւ կնքվել է երկարաժամկետ համագործակցության պայմանագիր: Այդ պայմանագրի հիման վրա ավագանու որոշմամբ ստեղծված ընկերությունը նախնական փուլում շեշտը դնելու է ժամանակակից ավոկայանատեղերի ստեղծման եւ կառավարման վրա: Լատվիական կողմն, ըստ պայմանագրի, մայրաքաղաքում շուրջ 4 մլն եվրո արժողությամբ ներդրում կկատարի: Կներկրվեն ժամանակակից 450 ավտոկանգառման եւ գրասենյակային սարքավորումներ:

Հարցին, թե արդյոք այս եւ «Սվարկո» ընկերության հետ կնքված պայմանագրերը միմյանց չե՞ն կրկնում, Երեւանի քաղաքապետը նշել է, որ ոչ միայն չեն կրկնում, այլեւ այսպիսով ոլորտում համապատասխան առողջ մրցակցային դաշտ է ապահովվում, ինչն իր հերթին միանշանակ նպաստելու է ինչպես ծառայությունների որակի անընդհատ բարձրացմանը, այնպես էլ իր ազդեցությունն է ունենալու սակագնային քաղաքականության վրա:

Ավագանու որոշմամբ  հաստատել է Երեւանի եւ Պեկինի քաղաքապետարանների միջեւ հուշագիրը: Ավագանին միաձայն հաստատել է նաեւ Երեւանի կենդանաբանական այգու կառուցվածքում եւ հաստիքացուցակում փոփոխություն կատարելու մասին հարցը:

Երեւանի ավագանու արտահերթ նիստին ներկա են եղել նաեւ Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության անդամ պագամավորներ Արմեն Մարտիրոսյանը, Ստյոպա Սաֆարյանն ու Անահիտ Բախշյանը: