Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում զանգվածային անկարգություններ են սկսվել: Նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի կողմնակիցները ճեղքել են  Պեչերսկի շրջանային դատարանի շուրջ ոստիկանական շղթան, սակայն իրավապահներին հաջողվել է նրանց հետ մղել:

Նշվում է, որ ակցիային մասնակցում է ավելի քան 1500 մարդ: Տիմոշենկոյի կողմնակիցները հնչեցրել են քաղաքական կարգախոսներ, մասնավորապես պահանջել են իմպիչմենթ հայտարարել երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչին:

Ոստիկանությունն  սկսել է հանրահավաքի մասնակիցների ձերբակալությունները,  ցուցարարներն  էլ ոստիկանների վրա շշեր են նետել:

Ինչպես ավելի վաղ հայտարարել էր  NEWS.am-ը, Կիեւի Պեչերսկի շրջանային դատարանը  հրաժարվել էր կալանքից ազատել նախկին վարչապետին: Խափանման միջոցը փոխելու մասին նրա փաստաբանի միջնորդությունը օգոստոսի 8-ին մերժվել է:

Յուլյա Տիմոշենկոն մեղադրվում է 2009 թ-ին Ռուսաստանի հետ գազային պայմանագրեր կնքելու ժամանակ լիազորությունները գերազանցելու մեջ: Դատական գործն սկսվել է հունիսի 24-ին: