Կառավարության 3-րդ մասնաշենքի դիմաց ոստիկանների եւ «Դիմադրություն» շարժման մասնակիցների միջեւ հրմշտոցի հետեւանքով մի քանի քաղաքացի տուժել է. ցուցարարներից մեկը ոտքի շրջանում վնասվածք է ստացել: Նա նստել էր խոտերի մեջ, իսկ քաղաքացիներն ու ոստիկաններից մեկը փորձում էին օգնություն ցուցաբերել:

Բացի այդ, երիտասարդ ոստիկաններից մեկի ինքնազգացողությունը վատացավ, նրան ոստիկանները գրկած դուրս բերեցին հրմշտոցի հատվածից:

Նշենք, որ «Դիմադրության» շարժման երթը հասել է Կառավարության 3-րդ մասնաշենք, որտեղ ընդդիմադիր երկու խմբակցությունների պատգամավորները ցանկացան մուտք գործել շենք եւ հանդիպել նախարարների հետ:  Ոստիկանները թույլ չտվեցին նրանց շենք մտնել, ինչից հետո իրավիճակը լարվեց, ցուցարարների եւ ոստիկանների միջեւ հրմշտոց սկսվեց:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը ներկայացրել էր իրենց հայտարարության տեքստում ամրագրված պահանջները. «Յուրաքանչյուր պաշտոնյա պետք է հայտնի հստակ դիրքորոշում.

Հայաստանն աջակցելու է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացմանը:

Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում:

Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության միջև պետք է լինի հուսալի ցամաքային կապ․ Արցախն անկլավ չի լինելու:

Հայաստանի Հանրապետությունն Արցախի ժողովրդի անվտանգության և ինքնորոշման իրավունքի իրացման երաշխավորն է:

Սահմանագծման և սահմանազատման աշխատանքները պետք է իրականացվեն ՀՀ ինքնիշխան տարածքից Ադրբեջանի զորքերի դուրս բերման նախապայմանով:

Սահմանագծման և սահմանազատման աշխատանքների արդյունքում բացառվում է Հայաստանի Հանրապետության ամբողջականության խաթարումը:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում բացառվում է որևէ համաձայնություն, որը հարցականի տակ կդնի Հայոց ցեղասպանությունը:

Ադրբեջանի և Թուրքիայի հետ ճանապարհների ապաշրջափակումը չի կարող տեղի ունենալ միջանցքային տրամաբանությամբ»: