Մոսկվայում մեղադրական հայց է ներկայացվել Ադրբեջանի չորս բնակիչների նկատմամբ, ովքեր, քննության արդյունքներով, սպանել եւ թալանել են` փորձելով իրենց վերահսկողության տակ առնել բանջարեղենի վաճառքով զբաղվող մի շարք կազմակերպությունների ստացած եկամուտների հոսքը:

Ադրբեջանի չորս մեղադրվող քաղաքացիներն են Ասիֆ Ջաֆարովը, Ադալաթ Միրզոեւը, Սաբուհի Սամադովը եւ Ռուսլան Բաբաջանովը: 2011 թ. կեսերին  Ջաֆարովը կազմակերպել է մրցակցի սպանությունը, ով վերահսկում էր Ռուսաստանի մայրաքաղաքի բիզնեսը: Ութ օր անց Ջաֆարովը եւ նրա գործընկերներ Միրզոյեւը, Սամադովը եւ Բաբաջանովը «Վարշավկա 33» մեծավաճառ առեւտրի շուկայի տարածքում հարձակվել են բանջարեղենի վաճառքով զբաղվող երկու ձեռնարկատերերի վրա, գողացել նրանց անձնական իրերը եւ սպառնացել հաշվեհարդար տեսնել, եթե տուժածները շարունակեն շուկայում բանջարեղենի վաճառքը, օգոստոսի 9-ին «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է Մոսկվայի Քննչական հանձնաժողովի  գլխավոր քննչական վարչության պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիա Ցիպլենկովան:

Քրեական գործ է հարուցվել ՌԴ ՔՕ երեք` «սպանություն», «ավազակությու» եւ «զենքի անօրինական շրջանառություն» հոդվածներով: «Մոսգորսուդ Ջաֆարովին եւ Սամադովին պատիժ է սահմանվել 15 տարվա, Բաբաջանովին` 14 տարվա, Միրզոեւին` 11 տարվա ազատազրման տեսքով»,-նշել է գործակալության զրուցակիցը:

Դատավճիռը կայացվել է դեռ օգոստոսի 3-ին, բայց դրա մասին ավելի վաղ չէր հաղորդվում: