Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը երեքշաբթի օրը Բրյուսելում Եվրամիության գագաթաժողովի շրջանակներում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին տեղեկացրել է Թուրքիայի իրավախախտումների եւ ագրեսիվ հռետորաբանության մասին, որը խաթարում է կայունությունը Միջերկրական ծովի արեւելքում։ Այս մասին հայտնել է Proto Thema թերթը՝ հղում անելով հունական կառավարական աղբյուրներին։

Հունաստանի վարչապետը Գերմանիայի կանցլերի հետ իր առաջին հանդիպման ժամանակ խոսել է Թուրքիայի գործողությունների պատճառով տարածաշրջանում առաջացած լարվածության աճի մասին, գրում է թերթը։ «Ըստ կառավարական աղբյուրների՝ Միցոտակիսը մանրամասնորեն տեղեկացրել է Գերմանիայի կանցլերին թուրքական սադրանքների՝ Հունաստանի օդային տարածքի խախտումների եւ հունական կղզիների վրայով թուրքական [զինվորական] ինքնաթիռների թռիչքների, ինչպես նաեւ հարեւան երկրի ագրեսիվ հռետորաբանության մասին, որը, ինչպես նշել է վարչապետը. խաթարում է կայունությունը Միջերկրական ծովում։ Ըստ առկա տեղեկատվության՝ Միցոտակիսը Շոլցին ցույց է տվել «Կապույտ հայրենիքի» [թուրքական] քարտեզը (Անկարայի հավակնություններն ընդարձակ տարածքային ջրերի եւ Էգեյան, Միջերկրական եւ Սեւ ծովերի տարածքային շելֆի նկատմամբ) եւ խնդրել Գերմանիայի աջակցությունը, այսինքն՝ հրաժարվել Աթենքից եւ Անկարայից հավասար հեռավորություն պահպանելու քաղաքականությունից»,- գրում է թերթը։

«Ըստ կառավարական աղբյուրների, ակնհայտ է, որ Աթենքին դուր չի գալիս հավասար հեռավորությունների տրամաբանությունը, որով առաջնորդվում է Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ Քրիստիանե Հոֆմանը, որը կոչ է անում երկու երկրներին լուծել իրենց տարաձայնությունները երկխոսության միջոցով»,- հավելել է թրթը։

Հանդիպմանը, որը տեւել է 45 րոպե, երկու ղեկավարները քննարկել են նաեւ Ուկրաինային աջակցությունը եւ էներգետիկ ճգնաժամը։