Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է Հայաստանի 2011-ի առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը։
ՊԵԿ-ի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ցուցակը գլխավորում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որն 1-ին կիսամյակում պետական բյուջե է մուտքագրել շուրջ 15 մլրդ դրամ, ինչը 3.5 անգամ գերազանցում է նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի ցուցանիշը:

Երկրորդ տեղում «Հայռուսգազարդ»-ն է՝ 12.7 մլրդ դրամ ցուցանիշով։ Երրորդ տեղում գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգ» ընկերությունն է, որը պետբյուջե է մուծել 8.1 մլրդ դրամ:

Խոշոր հարկ վճարողների ցանկի 4-րդ հորիզոնականը զբաղեցրել է «ԱրմենՏել» ընկերությունը (6,8 մլրդ դրամ), 5-րդ տեղում Հայաստանի էլեկտրական ցանցերն է ( 4.97 մլրդ դրամ), որը նախորդ տարի 8-րդ տեղում էր։

6-րդ հորիզոնականում վառելիքի ներկրմամբ զբաղվող «Սիթի պետրոլ գրուպն» է (4.85 մլրդ դրամ), 7-րդ տեղում` «Ղ.Տելեկոմ» ընկերությունն է ( 4.75 մլրդ դրամ)։

Այնուհետեւ գալիս են «Ֆլեշը» (4.6 մլրդ դրամ), «Արմենիա» միջազգային օդանավակայանները (4 մլրդ դրամ) եւ «Գրանդ տոբակոն» (2.5 մլրդ դրամ):