Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի պատվիրակությունը կոալիցիային է ներկայացրել իր փաստարկները` հօգուտ արտահերթ խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների անցկացման: Այդ մասին օգոստոսի 5-ին հայտնել է ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը ընդդիմության եւ իշխանության պատվիրակությունների բանակցությունների հերթական փուլից հետո: Նա նշել է, որ երկխոսությունը մեկնարկել է օրակարգի առաջին հարցից, այն է՝ արտահերթ խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների անցմացման վերաբերյալ հարցից: «Մենք ներկայացրել ենք մեր տեսակետի հիմնավոր փաստարկները»,- ասել է նա:
Ըստ Զուրաբյանի՝ արտահերթ ընտրությունների անհրաժեշտությունը թելադրված է գործող իշխանության ինչպես իրավական, այնպես էլ քաղաքական ոչ լեգիտիմությամբ: «Այս համակարգը ձեւավորվել է ընտրությունների ընթացքում թույլ տրված լայն խախտումների ընթացքում: Իշխանությունները սեփական ժողովրդի դեմ նաեւ ուժ են կիրառել, խախտել են Սահմանադրությունը»,- հայտարարել է Զուրաբյանը:
Նա նկատել է, որ ՀԱԿ-ը կոալիցիային է ներկայացրել 76 պատգամավորների ցանկ, որոնք զբաղվում են ձեռնարկատիրությամբ, ինչը եւս օրենքի խախտում է:
Երկխոսության հերթական փուլը տեւել է ուղիղ 5 ժամ:




























