Երկնքում Երկրից մոտ 1300 լուսատարի հեռավորության վրա անսովոր ռադիոազդանշաններ են գրանցվել:
Ինչպես նշում է The Conversation-ը, գիտնականների խումբը Ծիր Կաթինում տարօրինակ բռնկում կամ «իմպուլս» է հայտնաբերել։
«Ես եւ իմ գործընկերները (MeerTRAP թիմը) հայտնագործություն ենք արել՝ Հարավային Աֆրիկայում MeerKAT ռադիոաստղադիտակի օգնությամբ հետեւելով Ծիր Կաթինի Vela-X 1 հատվածին` Երկրից մոտ 1300 լուսատարի հեռավորության վրա,- գրել է Սիդնեյի համալսարանի դասախոս Մանիշա Քալեբ:- Մենք տարօրինակ բռնկում կամ «իմպուլս» նկատեցինք, որը տեւեց մոտ 300 միլիվայրկյան: Դա նախկինում մեր տեսած որեւէ բանի նման չէր»:
Գիտնականները պարզել են, որ իմպուլսը նմանություն ունի նեյտրոնային աստղի ճառագայթման հետ։ Թիմն ուսումնասիրել է տիեզերքի այս շրջանի հին տվյալները եւ պարզել է, որ այդպիսի ազդանշաններ նախկինում էլ են եղել, սակայն բաց են թողնվել ավելի վաղ արված հետազոտություններում:
Ասում են, որ տարօրինակ ազդակները կրկնվում են 76 վայրկյանը մեկ: Նեյտրոնային աստղի իմպուլսային ցիկլը սովորաբար մի քանի վայրկյան է կամ ավելի քիչ, ուստի գիտնականները սկսել են կասկածել, որ պատճառը դա չէ: «Դա նշանակում է, որ մենք կարող ենք ռադիոարձակող օբյեկտների բոլորովին նոր դաս հայտնաբերել»,- ասել է Քալեբը:
«Մեր հայտնագործությունը հաստատում է գերերկարաժամկետ նեյտրոնային աստղերի գոյությունը, ինչը հնարավոր կապ է ենթադրում մագնիսացված նեյտրոնային աստղերի, գերերկարաժամկետ մագնետարների եւ արագ ռադիոպոռթկումների էվոլյուցիայի հետ»: Հետազոտողները կարծում են, որ դա ռադիոարձակող գալակտիկական նեյտրոնային աստղի նոր տեսակ է:
Երեւույթն անսովոր է նաեւ այն պատճառով, որ գտնվում է նեյտրոնային աստղի «գերեզմանոցում»: Դա տիեզերքի տարածք է, որտեղ աստղերը չպետք է ակտիվ լինեն:
Հետազոտողները կարծում են, որ ապագայում այդպիսի աստղային օբյեկտների որոնումները կենսական նշանակություն կունենան տիեզերքի մեր հետագա հետազոտման համար:



























