Ադրբեջանական ստորաբաժանումները կրկին առաջ են եկել ՀՀ Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի դիմաց գտնվող լեռնային տեղանքում։ Այս մասին հայտնում է «Սպուտնիկ Արմենիան»՝ հիշեցնելով, որ Ներքին Հանդ գյուղի շրջանում առաջխաղացման մասին 2022 թվականի մարտին ահազանգել էին տեղի բնակիչները։

Դրանից հետո ՀՀ ՊՆ–ն հաստատել էր, որ Ադրբեջանի ԶՈւ–ն դեռ 2021 թվականի գարնանն է ներխուժել գյուղի ուղղությամբ գտնվող տարածք։ Ավելի ուշ նրանք եղանակային պայմանների պատճառով լքել են տարածքը եւ ձնհալից հետո վերադարձել։

Մինչեւ 2022 թվականի մարտ ամիսն այդ մասին պաշտոնական տեղեկություն չկար։ Միաժամանակ հստակ է, որ Ադրբեջանի ԶՈւ–ն այդ ուղղությամբ ճանապարհ է հարթել 2022 թվականի մարտ–ապրիլին, ինչը երեւում է արբանյակից արված լուսանկարներում։

«Սպուտնիկ Արմենիան» գրում է, որ թարմ կադրերում նկատվում է, որ արդեն իսկ հաստատված առաջխաղացումից բացի (սլաք 1), ադրբեջանական սահմանապահ զորքն առաջ է եկել եւս երկու հատվածում (սլաք 2 եւ 3)` խորանալով Սյունիքի մարզի տարածք։

Մի դեպքում (սլաք 2) ճանապարհաշինարարական ակտիվ աշխատանքներ են կատարվել ապրիլի 20-ից հետո, մյուս դեպքում` (սլաք 3) ենթադրաբար մայիսին։

Ներքին Հանդ գյուղի բնակիչները «Սպուտնիկ Արմենիայի» հետ զրույցում ասել են, որ տեղյակ չեն առաջխաղացման մասին։ Դա զարմանալի չէ` հաշվի առնելով լեռնային տեղանքը։

Թեմայի առնչությամբ Ներքին Հանդի վարչական ղեկավար Խաչիկ Բաղդասարյանը «Փաստինֆո»-ին  հայտնել է, որ գյուղից մոտ 1,5 կմ հեռավորության վրա գտնվող բլրին մեկ դիրք է ավելացել, բայց թե ովքեր են այնտեղ տեղակայված, դեռ հայտնի չէ։

«Զանգել եմ մեր համագյուղացիներից մեկին, որ պայմանագրային զինծառայող է, որպեսզի ճշտեմ՝ ադրբեջանցիներն են նոր դիրք դրել, թե մերոնք, ասաց, որ ինքն էլ դեռ չգիտի։ Դա բարձր մակարդակներում կիմանան, երեւի։ Համենայնդեպս, գյուղից դեպի Կովսական ընկած հատվածում՝ բլրի վրա, մի դիրք ավելացել է։ Հիմա մնում է ճշտել, թե ում դիրք է»,- ասել է Խաչիկ Բաղդասարյանը։

Պաշտպանության նախարարությունը քիչ առաջ հաղորդագրություն է տարածել, որում հերքել է լրատվամիջոցներում եւ սոցիալական ցանցերում տարածվող տեղեկությունը, թե «ադրբեջանական ստորաբաժանումները կրկին առաջ են եկել ՀՀ Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի դիմաց գտնվող լեռնային տեղանքում»։

«Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Ինչպես արդեն ներկայացվել է ս.թ. մարտի 21-ին ՀՀ ՊՆ կողմից տարածված պարզաբանման մեջ, սահմանի նշված հատվածում ադրբեջանական ստորաբաժանումների տեղակայումն արձանագրվել է 2020թ. նոյեմբերի 9-ից հետո, հետպատերազմյան շրջանում։

Ընդ որում, տեղակայման փաստն արձանագրելուց անմիջապես հետո ՀՀ ԶՈՒ կողմից ձեռնարկվել են անհրաժեշտ քայլեր՝ ադրբեջանական դիրքերը վերահսկողության տակ վերցնելու ուղղությամբ, ինչի արդյունքում նշված տարածքում ադրբեջանական զինծառայողների շարժը լիարժեք վերահսկելի է, իսկ առաջխաղացման որեւէ փորձ կհանգեցնի պատասխան գործողությունների։

Պաշտպանության նախարարությունը կրկին կոչ է անում զերծ մնալ բանակի հեղինակությանը հարվածող, ինչպես նաեւ հանրության շրջանում անհիմն լարվածություններ առաջացնող՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ տարածելուց»,– ասվում է ՊՆ հաղորդագրության մեջ։