Ամերիկյան Astroforge սթարտափը ցանկանում է դառնալ Երկրի վրա առաջին ընկերությունը, որը գործնականում կիրականացնի օգտակար հանածոների արդյունահանումը տիեզերքում։ Սթարտափն աշխատում է 20 մետրից մինչեւ 1,5 կիլոմետր տրամագիծ ունեցող աստղակերպերից ռեսուրսներ արդյունահանելու տեխնոլոգիա ստեղծելու վրա, տեղեկացրել է TechCrunch-ը։ Թե ինչպես է աշխատելու այդ համակարգը՝ առայժմ հայտնի չէ, բայց Astroforge-ն խոստանում է արդեն 2023թ. ցուցադրել այն երկրամերձ ուղեծրում եւ տիեզերքից օգտակար հանածոների մատակարարում կազմակերպել մինչեւ այս տասնամյակի վերջ։
Սթարտափը հիմնվել է SpaceX-ի, NASA-ի եւ Virgin Orbit-ի երկու նախկին ինժեներների՝ Մեթ Գիալեչի եւ Խոսե Ակաինի կողմից եւ օրերս ավարտել է Y Combinator աքսելերացիայի ծրագիրը։ Բիզնես-ինկուբատորից դուրս գալուց անմիջապես հետո Astroforge-ը ստացել է 13 մլն դոլար՝ որպես ներդրում իր նախագծի զարգացման համար։ Գործարարների կարծիքով՝ իրենք կկարողանան լուծել խնդիրը, որն առայժմ չի հաջողվել աերոտիեզերական ոչ մի ընկերության, եւ տեսանելի ապագայում մարդկությանը կառաջարկեն ռեսուրսների անսահմանափակ աղբյուր։ Դրա համար Astroforge-ն արդեն ստացել է մի քանի խոշոր կազմակերպությունների աջակցությունը, տեղեկացրել է HighTech+-ը։
Սթարտափը նպատակ ունի պլատինի խմբի վեց մետաղներ արդյունահանել, ներառյալ պլատին (մեկ տոննայի արժեքը՝ ավելի քան 30 մլն դոլար) եւ իռիդիում (մեկ տոննայի արժեքը՝ ավելի քան 196 մլն դոլար)։ Արդյունահանող կայանները, ամենայն հավանականությամբ, կունենան հատվածներ բեռների համար՝ 200 կամ մոտ 200 կիլոգրամի համար հաշվարկված։ Ավելի մեծ ծավալների օգտագործումը արդյունավետ չի լինի 20 մետրից մինչեւ 1,5 կիլոմետր տրամագծով ոչ մեծ աստղակերպերի պարագայում։ Դա նաեւ նշանակում է, որ Astroforge-ի նավերը աշխատելու են նշանակալի գրավիտացիոն դաշտեր չունեցող օբյեկտների հետ։
Բաց տիեզերքում պաշարների արդյունահանման տեխնոլոգիայի մասին սթարտափի հիմնադիրներն առայժմ չեն ծավալվում, բայց ներդրողներն այն իրականանալի են համարել։
Գործընկերների մասով Astroforge-ն հենվում է երկու ընկերության՝ OrbAstro-ի եւ SpaceX-ի վրա։ Առաջինը կապահովի սարքերի հավաքմանն անհրաժեշտ արտադրական հզորություններով, երկրորդը կապահովի տեղ Falcon 9 հրթիռի վրա՝ առաքելություններից մեկի շրջանակում, որը նախատեսված է հաջորդ տարի։
Astroforge-ն նաեւ կողմնորոշվել է թեկնածու աստղակերպերի հարցում, որոնք գտնվում են հարմար ուղեծրում եւ պլատինի խմբի մետաղների համապատասխան քանակություն ունեն։ Երկրի ուղեծրից համեմատաբար հեշտ հասանելի 10 մլն աստղակերպերից, սթարտափի տվյալներով, հետաքրքրություն ներկայացնում են մոտ մեկ միլիոն աստղակերպեր։
Astroforge-ի մասնակցությամբ առաջին տիեզերական առաքելությունը նախատեսված է 2023թ. երկրորդ կեսին, նախագիծը լիարժեք ավարտ կունենա տասնամյակի վերջին։




























