Միջազգային ճգնաժամային խումբը (International Crisis Group) հրապարակել է «Վրաստան-Ռուսաստան. սովորել ապրել հարենաների նման» զեկույցը, որը նվիրված է 2008-ի ռուս-վրացական պատերազմի 3-րդ տարելիցին:

Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ առանց նախապայմանների ուղիղ բանակցությունների սկսումը ՄՃԽ-ի առաջարկներից մեկն է:

«Վրաստանի եւ Ռուսաստանի հարաբերություններում գերիշխում է ծայրահեղ թշնամանքը»,- ասված է զեկույցում:

ՄՃԽ փորձագետները թվարկում են այն գործողությունները, որոնք կարող են նպաստել երկու երկրների հարաբերությունների նորմալացմանը:

«Ցանկացած բարենպաստ հնարավորությունից օգտվելու եւ հարաբերությունների նորմալացման երկարատեւ գործընթաց սկսելու համար, Մոսկվան եւ Թբիլիսին պետք է ուղիղ բանակցություններ սկսեն` առանց նախապայմանների, անհրաժեշտության դեպքում նաեւ կողմերի համար ընդունելի միջնորդի օգնությամբ: Նաեւ պետք է նվազեցնել միմյանց պայթյունների կազմակերպման մեջ մեղադրելու եւ ահաբեկչությանն աջակցելու մեղադրանքների ակտիվությունը»,- ասված է խմբի զեկույցում:

Միաժամանակ, նշվում է, որ Աբխազիայում եւ Հարավային Օսիայում, ինչպես նաեւ նրանց հարակից տարածքներում անվտանգության ոլորտում իրավիճակը բարելավելու համար միջազգային հանրությունը պետք է «ճնշում գործադրի Ռուսաստանի վրա, որպեսզի վերջինս իր զորքերը հետ քաշի այն դիրքերին, որտեղ եղել են նախքան պատերազմի սկիզբը, նպաստի ներքին տեղահանվածների վերադարձին եւ ապահովի միջազգային դիտորդների անխոչընդոտ մուտքը այդ տարածքներ»: