Թուրքիան փաստագրված երաշխիքներ չի ստացել այն մասին, որ Շվեդիան եւ Ֆինլանդիան հրաժարվում են աջակցել քրդական քաղաքական կազմակերպություններին, այդ թվում Անկարայում ծայրահեղական ճանաչված Քրդստանի աշխատավորական կուսակցությանը (ՔԱԿ)։ Այս մասին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ելույթ ունենալով խորհրդարանում։
«Մեզ առայժմ ոչ մի կոնկրետ փաստաթուղթ չեն ներկայացրել։ Մենք չենք կարող հավատալ խոսքերին, որոնք ամրագրված չեն փաստաթղթերում»,- ասել է Էրդողանը։
Նա նաեւ հիշեցրել է, որ Շվեդիան եւ Ֆինլանդիան աջակցել են Թուրքիա սպառազինությունների մատակարարման էմբարգոյին, բայց միեւնույն ժամանակ «անվճար զինել են Սիրիայի ահաբեկիչներին»։
«Նման գործելակերպը չի համապատասխանում իրավական պետությանը։ Դրանք ահաբեկիչ-երկրների մեթոդներ են»,- ասել է նա։
Ֆինլանդիայի եւ Շվեդիայի կողմից քրդական քաղաքական կազմակերպություններին աջակցության հարցը հատկապես սրվեց այդ երկրների՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու որոշումից հետո։ Թուրքիան արգելափակեց դաշինքի ընդլայնումը Սկանդինավյան թերակղզում՝ երաշխիքներ պահանջելով Հելսինկիից եւ Ստոկհոլմից, որ վերջինները հրաժարվում են աջակցել ՔԱԿ-ին։
«Մենք բացահայտ հայտարարել ենք, որ դեմ ենք ՆԱՏՕ-ին այդ երկու երկրների անդամակցությանը, որովհետեւ նրանք աջակցում են Քրդստանի Աշխատավոական կուսակցություն ահաբեկչական կազմակերպությանը եւ նրա ճյուղավորումներին։ ՆԱՏՕ-ն անվտանգության կազմակերպություն է, ոչ թե ահաբեկչական կազմակերպություններին աջակցող կազմակերպություն։ Նրանք պաշտպանում են այդ ահաբեկչական կազմակերպություններին Շվեդիայի, Ֆինլանդիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Նիդեռլանդների ոստիկանությունների հետ միասին։ Նրանք քայլերթների են դուրս գալիս կարգախոսներով, որոնց վրա պատկերված են ահաբեկչական կազմակերպությունների պարագլուխները»,- Անկարայի մտահոգությունը փաստել է Էրդողանը։





























