Ջարդերի առաջին զոհը Մեծ Բրիտանիայում: Օգոստոսի 9-ին մահացել է մի տղամարդ, ով հրազենային վնասվածքներ էր ստացել օգոստոսի 6-ին ծայր առած զանգվածային անկարգությունների ընթացքում, հաղորդում է AFP-ն:

Տղամարդուն գտել են Լոնդոնի Քրոյդոն արվարձանում օգոստոսի 8-ին, մեքենայի մեջ: Նրան տեղափոխել էին հիվանդանոց:

Նշենք, որ Մեծ Բրիտանիայում զանգվածային անկարգություններ են սկսվել նաեւ Լիվերպուլում: Մինչ այդ անկարգությունները սկսվել էին Թոթենհեմում, ապա անցել Էնֆիլդ:

Ամեն ինչ սկսվել էր օգոստոսի 6-ի խաղաղ ցույցից, երբ մարդիկ արդար դատաքննություն էին պահանջում սեւամորթ Մարկ Դագանի սպանության համար: Ակցիան այնուհետ վերաճել էր վանդալիզմի:

Դագանը մահացել էր ոստիկանի արձակած գնդակից օգոստոսի 4-ին: Անկարգությունների կազմակերպման մեղադրանք է ներկայացվել 100 մարդու, ձերբակալվել է մոտ 500 մարդ: