Լոնդոնում անկարգություններ կազմակերպելու եւ իրականացնելու մեջ պետք չէ մեղադրել այլ ռասայի ներկայացուցիչներին: Նման կարծիք է հայտնել բրիտանացի սոցիոլոգ, Լոնդոնի էկոնոմիկայի դպրոցի պրոֆեսոր Թոնի Թրեվերսը: Նրա ներկայացմամբ, յուրաքանչյուր մեծ քաղաք ունի անկարգությունների, նաեւ բախումների իր ժամանակաշրջանները:

«Ներկա իրադարձությունների կազմակերպման մեջ պետք չէ մեղադրել Կարիբյան ավազանից ներգաղթածներին: Ես բազմաթիվ հեռուստատեսային ռեպորտաժներ եմ դիտել, որտեղ խանութներ թալանողների, դիակապտությամբ զբաղվողների մեջ կարելի է տեսնել նաեւ սպիտակների»,- հայտարարել է Թրեվերսը` ֆրանսիական Figaro թերթին տված հարցազրույցում:

«Մի շարք քաղաքական գործիչների, այդ թվում Լոնդոնի նախկին քաղաքապետ Քեն Լիվինգսթոնի կարծիքով, անկարգությունների պատճառը բյուջետային ծախսերի կրճատումն է, սակայն դրանց մեծ մասը դեռ ուժի մեջ չեն մտել: Մյուս կողմից, թեեւ վերջին տարում Անգլիայում տնտեսական աճ է գրանցվել, սակայն գործազրկությունն աճել է եւ անգործ մնացած երիտասարդությունն իր չբավարարված վիճակից ելքեր է փնտրում»,- կարծում է բրիտանացի սոցիոլոգը: Նրա խոսքով, «ոստիկանությունը պետք է տեղյակ լինի զանգվածային ազդեցության նոր մեթոդների մասին, որոնցից են սոցիալական ցանցերը` Facebook-ն ու Twitter-ը»: