Իրանը Հայաստանը բարեկամ երկիր է համարում եւ մեծ նշանակություն է տալիս Երեւանի հետ բարիդրացիական հարաբերություններին։ Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում ասել է ԻԻՀ նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռաիսին։

Իրանի նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Ռաիսին ընթացող խորհրդակցությունները երկու երկրների բարեկամական հարաբերությունների խորության նշան է անվանել։

Նա նշել է, որ Իրանի քաղաքականությունը կայանում է  բոլոր երկրների տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանն աջակցելու մեջ։ «Իրանն առանձնահատուկ նշանակություն է տալիս տարածաշրջանի աշխարհաքաղաքականության պահպանմանը, այդ թվում՝ միջազգային սահմանների, եւ հարգում է երկրների ազգային ինքնիշխանությունը»:

Հայտնելով Իրանի աջակցությունն էներգետիկայի եւ տրանսպորտի ոլորտում երկկողմ եւ բազմակողմ համագործակցության զարգացմանը՝ Ռաիսին նշել է, որ «այդ համագործակցությունը կամրապնդի խաղաղությունը, կայունությունը եւ տնտեսական ու առեւտրային բարգավաճումը տարածաշրջանում»։

Նրա խոսքով՝ Իրանն աջակցում է առաջընթացին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղ բանակցություններում։ «Մենք հուսով ենք, որ այս ոլորտում մնացած հարցերը կլուծվեն խաղաղ ճանապարհով եւ երկու երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը հարգելով՝ միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան, ինչպես նաեւ՝ հաշվի առնելով բոլոր ժողովուրդների իրավունքներն ու անվտանգությունը կովկասյան տարածաշրջան։ Իրանի Իսլամական Հանրապետությունը խորապես հակված է նրան, որ տարածաշրջանի խնդիրները պետք է լուծվեն տարածաշրջանի բոլոր երկրների կոնսենսուսի ու համագործակցության, ընդհանուր շահերի ու փոխադարձ հարգանքի հիման վրա»,- նշել է նա։

Ռաիսին ընդգծել է, որ «Սիոնիստական ​​ռեժիմը (Իսրայել) որեւէ դեպքում տարածաշրջանի ժողովուրդների բարեկամը չէ, եւ այն ճնշումը, որին այդ ռեժիմը ենթարկել է Պաղեստինի ժողովրդին, աննախադեպ է»։ «Սիոնիստական ​​ռեժիմի գործողություններին պետք է զգուշությամբ վերաբերվել՝ տարածաշրջանում դրա ազդեցությունը կանխելու համար»:

Փաշինյանը տեղեկացրել է իրականացված պայմանավորվածությունների մասին, բարձր է գնահատել Իրանի Իսլամական Հանրապետության սկզբունքային դիրքորոշումը տարածաշրջանում իրադարձությունների զարգացման գործում եւ ընդգծել է բոլոր երկրների տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության պահպանման կարեւորությունը։ Նա նաեւԻրանի դերը տարածաշրջանում  կարեւոր եւ արդյունավետ է անվանել:

Արտահայտելով Հայաստանի շահագրգռվածությունն Իրանի հետ տնտեսական, առեւտրային, քաղաքական եւ մշակութային փոխգործակցության եւ համագործակցության զարգացման հարցում՝ Փաշինյանը նշել է, որ «երկու երկրների միջեւ տնտեսական համագործակցության համատեղ հանձնաժողովն անշուշտ կնպաստի եւ կարագացնի երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացման ընդլայնվող գործընթացը»։

Խոսելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցությունների ընթացքի մասին՝ Փաշինյանը ողջունել է Թեհրանում 3+3 ձեւաչափով գագաթնաժողովի շուտափույթ անցկացումը։