Սեպտեմբերին Հայաստանում տեղի կունենա ինֆորմացիոն տեխնոլոգիաներին եւ կոմպյուտերային գիտությանը նվիրված ամենամեծ գիտաժողովը՝ CSIT 2011-ը։ Այս մասին NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց, որ ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի եւ ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Սահակյանը։
Նրա խոսքով՝ միջոցառումը Հայաստանում կազմակերպվում է արդեն 8-րդ անգամ.«Կոմպյուտերային գիտություն եւ ինֆորմացիոն տեխնոլոգիաներ 2011» գիտաժողովը այս տարի տեղի կունենա սեպտեմբերի 26-30-ին Երեւանում՝ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում։
Վ. Սահակյանի խոսքով՝ միջոցառմանը կմասնակցեն եւ զեկույցներով հանդես կգան գիտնականներ 10-ից ավելի երկրներից՝ Ամերիկայից, Ֆրանսիայից, Ֆինլանդիայից, Իսպանիայից, Իտալիայից, Ուկրաինայից, Ռուսաստանից, Հունգարիայից եւ այլն։
«Ընդհանուր առմամբ, զեկույցներով հանդես կգան 100-ից ավելի գիտնականներ, իսկ նրանց ունկնդրելու համար մուտքը բաց կլինի բոլորի համար»,-ասաց Վ. Սահակյանը։
Նշենք, որ միջոցառումը անցկացվում է երկու տարին մեկ անգամ, սկսած՝ 1997թ.-ից։



























