Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդն իր այսօրվա` օգոստոսի 9-ի նիստում որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 8.5 տոկոս:
ԿԲ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հուլիսին արձանագրվել է 3 տոկոս գնանկում, որի արդյունքում 12-ամսյա գնաճը նախորդ ամսվա ցուցանիշի նկատմամբ նվազել է 2.2 տոկոսային կետով եւ կազմել 6.3 տոկոս:
Խորհուրդն արձանագրել է, որ ընդհանուր գնաճային միջավայրը մեղմվում է` պայմանավորվելով ինչպես ներքին, այնպես էլ արտաքին մակրոտնտեսական զարգացումներով: Սպասվում է, որ համաշխարհային ապրանքային ու հումքային շուկաներից փոխանցվող գնաճային ճնշումները շարունակելու են նվազել:
Այդուհանդերձ, համաշխարհային տնտեսությունում վերջերս ձեւավորված պարտքային հիմնախնդիրները եւ միջազգային ֆոնդային շուկաների անկայունությունը էապես մեծացնում են զարգացած երկրների մակրոտնտեսական քաղաքականությունների կանխատեսման անորոշությունները:
Խորհուրդը համակարծիք է, որ ներքին պահանջարկի դեռեւս դանդաղ տեմպերով վերականգնումը, հարկաբյուջետային զսպող քաղաքականությունը եւ տարեսկզբին իրականացված դրամավարկային պայմանների խստացման քաղաքականությունը եւս նպաստելու են կանխատեսվող հորիզոնում գնաճի տեմպերի շարունակական նվազմանը:
Խորհուրդն ամփոփել է, որ համաշխարհային ապրանքային ու հումքային շուկաներում եւ ներքին տնտեսությունում գնաճային միջավայրի թուլացման, ինչպես նաեւ նախորդ տարվա համեմատությամբ գյուղատնտեսության ճյուղում ավելի բարենպաստ պայմանների պահպանման արդյունքում ակնկալվում է, որ 12-ամսյա գնաճի նվազման տեմպերը կարագանան եւ արդեն տարեվերջին վերջինս կձեւավորվի 4%±1.5 տոկոսային կետ տատանումների թույլատրելի միջակայքում` կանխատեսվող հորիզոնում կայունանալով միջակայքի ստորին հատվածում:
Չնայած վերոնշյալ ոչ գնաճային միտումներին, հաշվի առնելով համաշխարհային տնտեսությունում այսօր առկա հիմնախնդիրները` ԿԲ խորհուրդը դեռեւս ձեռնպահ է մնում դրամավարկային պայմանների թուլացումից:




























