Սաուդյան Արաբիան «կարեւորագույն գործընկեր» է Մերձավոր Արեւելքում իրանական ուժերին հակազդելու, ինչպես նաեւ Աբրահամի համաձայնագրերի ընդլայնմանն աջակցելու հարցում, որոնք կարգավորեցին հարաբերությունները Իսրայելի եւ արաբական երկրների միջեւ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
«Նախագահ Բայդենը վճռական է՝ վերագործարկելու Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունները եւ համոզվելու, որ հարաբերությունները ծառայում են մեր շահերին, ինչպես նաեւ մեր արժեքներին առաջ շարժվելիս, բայց եւ պահպանում են դրանք, քանի որ նաեւ օգնում են մեզ շատ կարեւոր նպատակների հասնել»,- ասել է Բլինքենը Foreign Affairs ամսագրի կողմից կազմակերպված վիրտուալ միջոցառմանը:
«Սաուդյան Արաբիան կարեւոր գործընկեր է մեզ համար տարածաշրջանում ծայրահեղականության դեմ պայքարում, Իրանի կողմից առաջադրված խնդիրների լուծման գործում, ինչպես նաեւ, հուսով եմ, Իսրայելի եւ նրա հարեւանների միջեւ հարաբերությունների կառուցման գործընթացը շարունակելու համար՝ ինչպես մոտ, այնպես էլ հեռավոր, Աբրահամյան համաձայնագրերի շարունակման եւ ընդլայնման միջոցով»,- հավելել է նա:
Ավելի վաղ Իսրայելի ԱԳ նախարար Յաիր Լապիդը երկուշաբթի հայտարարել էր, որ Իսրայելը համակարգված աշխատում է ԱՄՆ-ի եւ Պարսից ծոցի երկրների հետ Էր Ռիադի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: «Կարծում ենք, որ Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը հնարավոր է։ Դա մեր շահերից է բխում,- ասել էր Լապիդը Army Radio-ին:- Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ ԱՄՆ-ի եւ Պարսից ծոցի երկրների հետ»:
Իսրայելն ու Սաուդյան Արաբիան պաշտոնական դիվանագիտական հարաբերություններ չունեն, սակայն գաղտնի հարաբերությունները վերջին տարիներին ջերմացել են։ Հաղորդվում է, որ Սաուդյան Արաբիայի հզոր թագաժառանգ Մոհամես բին Սալմանը Իսրայելին ռազմավարական գործընկեր է համարում տարածաշրջանում Իրանի ազդեցության դեմ պայքարում:
Լապիդը նախազգուշացրել է, որ Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը երկար է լինելու, իսկ առաջընթացը փոքր քայլերով կլինի՝ ընդգծելով, որ վտանգված են երկու երկրների անվտանգության շահերը։




























