Հանրապետության երկու մարզերում՝ Կոտայքում եւ Գեղարքունիքում աղբահանության 3 կայանների շինարարությունը նախատեսվում է ավարտել մինչեւ այս տարվա աշուն: Այս մասին հունիսի 3-ին Ազգային Ժողովում տեղի ունեցած մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում 2021 թվականի պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ ասաց ՀՀ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը: Նախարարը նշեց, որ կոշտ թափոնների կառավարման ծրագրի շրջանակում ներկայումս իրականացվում է երկու ծրագիր՝ «Երեւան» եւ «Կոտայք-Գեղարքունիք»:
Վերջինիս շրջանակում բյուջեով նախատեսված է եղել 1,221 մլրդ դրամ, որից ծախսվել է 1,045 մլրդ դրամ, ինչը միջոցների մոտ 94 տոկոսն է։ «Ծրագրի շրջանակում գտնվում ենք ակտիվ շինարարության փուլում եւ մինչեւ աշուն կավարտենք Հրազդանի եւ եւս երկու բնակավայրերի աղբահանության կայանների շինարարությունը: Շուտով կսկսվի անհրաժեշտ տեխնիկայի ձեռքբերման գործընթացը»,-նշեց նախարարը եւ հավելեց, որ Երեւանի աղբահանության կայանի ծրագրի մրցույթի անցկացման հարցում որոշ խնդիրներ եւ դժվարություններ են առաջացել:





























