Երեքշաբթի կկայանա Բելգիայի թագավոր Ֆիլիպի «պատմական» այցը Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն՝ տարածաշրջան, որը դաժանորեն շահագործվում է նրա նախնիների կողմից, այցը տեղի կունենա անկայուն արեւելյան երկրում լարվածության աճի ֆոնին, գրում է AFP-ն։
Նախագահ Ֆելիքս Չիսեկեդիի հրավերով վեցօրյա այցը խորհրդանշական մեծ նշանակություն ունի, քանի որ այն տեղի է ունենում երկու տարի անց այն բանից հետո, երբ Ֆիլիպը Կոնգոյի առաջնորդին «խորին ափսոսանք էր հայտնել գաղութացման կողմից հասցված վերքերի համար»:
2013-ին գահը ստանձնելուց հետո միապետի այս առաջին այցը Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն անվանել են հաշտության հնարավորություն՝ «բելգիական գաղութատիրության ժամանակ կատարված վայրագություններից եւ այլ չարաշահումներից հետո»:
Այցն ի սկզբանե նախատեսված էր 2020 թվականի հունիսին՝ ԿԴՀ-ի անկախության 60-ամյակը նշելու համար, սակայն հետաձգվել էր մինչեւ 2022 թվականը՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով:
Այնուհետեւ այցը մարտից հետաձգվել է հունիս՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով։
Ֆիլիպին կուղեկցի նրա կինը՝ թագուհի Մաթիլդան, եւ Բելգիայի կառավարության անդամները, այդ թվում՝ վարչապետ Ալեքսանդր դե Կրոոն։
Պատմաբանները նշում են, որ միլիոնավոր մարդիկ են Կոնգոյում սպանվել, հաշմանդամ դարձել կամ մահացել հիվանդություններից՝ աշխատելով կաուչուկի պլանտացիաներում, որը պատկանել է 1865-1909 թվականներին Բելգիայի միապետ եւ Ֆիլիպի նախապապի եղբայր Լեոպոլդ II-ին:
«Սեւերի կյանը նշանակություն ունի» շարժման հետ կապված՝ Բելգիայում ապամոնտաժվել են գաղութատիրության ժամանակաշրջանի մի քանի արձաններ:



























