Հյուսիսային Կորեան ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի համատեղ զորավարժությունների հաջորդ օրը փոքր հեռահարության ութ բալիստիկ հրթիռ է արձակել իր արեւելյան ծովափի ուղղությամբ, ինչը, հավանաբար, ամենախոշոր փորձարկումն է, տեղեկացրել է Reuters-ը։
Ութ հրթիռ է արձակվել Փհենյանի Սունան շրջանից, տեղեկացրել է Հարավային Կորեայի շտաբների պետերի միացյալ կոմիտեն։
Ճապոնիայի պաշտպանության նախարար Նոբուո Կիսին նույնպես հայտարարել է, որ Հյուսիսը մի քանի հրթիռներ է արձակել, եւ որ այդ գործողությունը «հանդուրժելի չէ»։ Նա ճեպազրույցում տեղեկացրել է, որ համենայն դեպս մեկ հրթիռ փոփոխական հետագիծ է ունեցել, ինչը նշանակում է, որ հրթիռը կարող էր մանեւրել՝ հակահրթիռային պաշտպանությունից խուսափելու համար։
ԱՄՆ-ի Հնդկա-Խաղաղօվկիանոսյան հրամանատարության հայտարարությունում նշվել է, որ Հյուսիսային Կորեայի կողմից բազմաթիվ բալիստիկ հրթիռների արձակումներն ընդգծում են սպառազինությունների նրա անօրինական ծրագրի ապակառուցողական ազդեցությունը, բայց այդ իրադարձությունն անմիջական սպառնալիք չի ներկայացնում։
ԱՄՆ-ում տեղակայված Ջեյմս Մարտինի անվան Չտարածման հետազոտությունների կենտրոնի աշխատակից Մայքլ Դուիթսմանը նշել է, որ դա, ըստ երեւույթին, Հյուսիսային Կորեայի երբեւէ իրականացրած ամենախոշոր փորձարկումն էր։ Բայց դա ուժի ցուցադրում է, այլ ոչ թե նոր տեխնոլոգիայի փորձարկում։
Հրթիռների արձակումը հաջորդել է Հյուսիսային Կորեայի գծով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Սոն Կիմի՝ շաբաթ օրը Սեուլ կատարած այցին։
Ուրբաթ օրը նա հանդիպել էր հարավկորեացի եւ ճապոնացի գործընկերներին՝ Կիմ Գանին եւ Տակեհիրո Ֆունակոշիին, որպեսզի պատրաստվեն «բոլոր անկանխատեսելի հանգամանքներին»՝ Հյուսիսային Կորեայի կողմից 2017 թվականից ի վեր առաջին միջուկային փորձարկման ֆոնին։
Վաշինգտոնը Փհենյանին հասկացրել է, որ բաց է դիվանագիտության համար, ասել է Կիմը այցի ժամանակ՝ նշելով, որ պատրաստ է քննարկել Փհենյանի համար հետաքրքրություն ներկայացնող հարցերը, ինչպիսին է, օրինակ, պատժամիջոցների թուլացումը։
Անցած շաբաթ ԱՄՆ-ը կոչ էր արել ուժեղացնել ՄԱԿ-ի պատժամիջոցները Հյուսիսային Կորեայի նկատմամբ՝ բալիստիկ հրթիռների արձակման պատճառով, բայց Չինաստանը եւ Ռուսաստանը վետո էին դրել այդ առաջարկի վրա։
Վերջին շաբաթներին Հյուսիսային Կորեան հրթիռների փորձարկումներ է իրականացրել, ներառյալ ամենամեծ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձարկումը։
Վերջին փորձարկումները Հյուսիսային Կորեան իրականացրել է մայիսի 25-ին՝ արձակելով երեք հրթիռ այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ավարտել էր Ասիա ուղեւորությունը, որի ընթացքում պայմանավորվել էր միջուկային զենք ունեցող պետությանը զսպելու նոր միջոցների մասին։



























