Ջեֆ Բեզոսի Blue Origin ընկերությունը շաբաթ օրը 10 րոպեանոց զբոսանքի համար տիեզերք է ուղարկել վեց զբոսաշրջիկ՝ հաջող իրականացնելով իր հինգերորդ թռիչքն անձնակազմով, տեղեկացրել է AFP-ն։

New Shepard անունը կրող սպիտակ տիեզերանավը թռիչքն սկսել է Տեխասի անապատից, տեղի ժամանակով ժամը 08.26-ին։

Թռիչքին մասնակցել է ինժեներ Կատյա Էչազարետան, որը 26 տարեկանում դարձել է տիեզերք մեկնած ամենաերիտասարդ ամերիկուհին։ Գվադալահարացի աղջիկը մեքսիկական ծագում ունեցող առաջին կինն է, որ մեկնել է տիեզերք։

Նրա թռիչքը հովանավորել է Space for Humanity ծրագիրը, որը փորձում է դեմոկրատացնել տիեզերք ուղեւորությունը եւ նրան ընտրել է 7 000 թեկնածուներից։

Անձնակազմում են գտնվել նաեւ տիեզերք մեկնած առաջին բրազիլացին՝ Վիկտոր Կորեա Հեսփանյան, ինչպես նաեւ գործարարներ Հեմիշ Հարդինգը, Ջեյսոն Ռոբինսոնը, Վիկտոր Վեսկովոն եւ Էվան Դիկը։

Դիկը երրորդ անգամ New Shepardո-վ թռել է դեկտեմբերին։

Տոմսերի գները խիստ գաղտնի են պահվում։

Պարկուճը շարունակել է բարձրանալ, մինչեւ որ հասել է այսպես կոչված Կարմանի գծին մոտ 100 կիլոմետր բարձրության վրա, որը միջազգային կոնվենցիայով համարվում է Երկրի մթնոլորտի եւ տիեզերքի սահմանը։

Այդ բարձրության վրա անձնակազմը մի քանի րոպե անկշռություն է զգացել եւ կարողացել է դիտել Երկրի թեքությունը մեծ իլյումինատորների միջով։

Այնուհետեւ պարկուճը իջել է Երկիր, եւ երեք հսկա պարաշյուտներն ու ռետրո-շարժիչներն օգնել են նրան փափուկ վայրէջք կատարել։

Այս թռիչքը նախտեսված էր մայիսի 20-ին, բայց հետաձգվել էր տիեզերանավի պահուստային համակարգերից մեկի խնդիրների պատճառով։

2021թ. հուլիսին ընկերությունը կատարել է առաջին թռիչքը, անձնակազմում էր նաեւ Բեզոսը, տիեզերք էին ուղարկվել Ուիլյամ Շաթների «Աստղային ուղի» սրբապատկերը եւ Լորա Շեփարդ-Չերչլին՝ տիեզերքում գտնված առաջին ամերիկացու դուստրը։