Իտալական Eni SpA եւ իսպանական Repsol SA նավթային ընկերությունները կարող են սկսել վենեսուելական նավթի մատակարարումները Եվրոպա արդեն հաջորդ ամիս, որպեսզի լրացնեն ռուսական նավթի պաշարները, տեղեկացրել է հարցին ծանոթ հինգ մարդ՝ վերականգնելով պարտքի դիմաց նավթի փոխանակումը, որը դադարեցվել էր երկու տարի առաջ, երբ Վաշինգտոնը խստացրել էր պատժամիջոցները Վենեսուելայի դեմ, տեղեկացրել է Reuters-ը։
Նավթի ծավալը, որը, ինչպես սպասվում է, կստանան Eni-ն եւ Repsol-ը, մեծ չէ, ասել է աղբյուրներից մեկը, եւ ցանկացած ազդեցություն նավթի համաշխարհային գների վրա համեստ կլինի։ Բայց Վաշինգտոնի «կանաչ լույսը» Վենեսուելայից Եվրոպա վաղուց սառեցված նավթային հոսքերի վերականգնման առջեւ կարող է խորհրդանշական խթան հանդիսանալ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի համար։
ԱՄՆ պետդեպարտամենտն իր նամակում հավանություն է տվել նշյալ երկու ընկերությունների կողմից մատակարարումների վերականգնմանը, տեղեկացրել են աղբյուրները։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը հույս ունի, որ վենեսուելական նավթը կօգնի Եվրոպային կրճատել կախումը Ռուսաստանից եւ վերուղղորդել վենեսուելական բեռների մի մասը Չինաստանից։ Նպատակներից մեկն էլ Մադուրոյին համոզելն է՝ վերսկսել քաղաքական բանակցությունները վենեսուելական ընդդիմության հետ, ասել են աղբյուրները Reuters գործակալությանը։
Եվրոպական երկու էներգետիկ ընկերությունները, որոնք համատեղ ձեռնարկություններ ունեն վենեսուելական PDVSA պետական նավթային ընկերության հետ, կարող են հում նավթի բեռները հաշվել որպես չվճարված պարտք եւ ժամկետանց դիվիդենդներ, ավելացրել են նրանք։
Կարեւոր պայման է այն, որ ստացված նավթը «պետք է հասնի Եվրոպա։ Այն չի կարող վերավաճառվել այլ տեղում»։
Վաշինգտոնի կարծիքով՝ PDVSA-ն չի ստանա ֆինանսական շահ այդ անկանխիկ գործարքներից, ի տարբերություն Չինաստանին Վենեսուելայի նավթի ընթացիկ վաճառքների, նշել է աղբյուրը։ Չինաստանը չի միացել Ռուսաստանի դեմ արեւմտյան պատժամիջոցներին եւ շարունակում է գնել ռուսական նավթ եւ գազ՝ չնայած ԱՄՆ-ի կոչերին։


























