Ավստրիայի կանցլեր Կառլ Նեհամերը կիրակի օրը կոչ է արել ստեղծել միջանկյալ փուլ համագործակցության եւ Եվրոպական միության լիիրավ անդամակցության միջեւ այն երկրների համար, ինչպիսին են Ուկրաինան եւ Մոլդովան, տեղեկացրել է Reuters-ը։
Այսպես կոչված «նախապատրաստական տարածքը» թույլ կտար երկրներին հասնել Եվրամիության չափորոշիչներին՝ Եվրոպական տնտեսական գոտու կամ Ազատ առեւտրի մասին Եվրոպական համաձայնագրի նմանությամբ, նշել է Նեհամերը։
«Մենք միավորված ենք մեկ նպատակի համար, մենք բոլորս ցանկանում ենք ուժեղ, անկախ եւ տնտեսապես հաջողակ Ուկրաինա»,- ասել է Ավստրիայի կանցլերը։
«Ներկայում Ուկրաինան պայքարում է իր քաղաքական եւ տարածքային գոյատեւման համար։ Մեր բոլոր ջանքերն, առաջին հերթին, ուղղված են Ռուսաստանի ագրեսիվ պատերազմը դադարեցնելուն։ Այս փուլում միությանն արագ անդամակցությունը չի կարող հանապազօրյա հարց լինել»,- նշվել է Նեհամերի հայտարարությունում։
Նա ընդգծել է, որ ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության ներկա բանակռիվներից «պետք է հեռացնել հույզերը»՝ ավելացնելով, որ ԵՄ-ին Ուկրաինայի արագ անդամակցությունն «իրական չէ»։
«Մենք պետք է ստեղծենք եվրոպական նախապատրաստական տարածք, որը թույլ կտա քայլ առ քայլ ամրապնդել ԵՄ-ի հետ համագործակցությունն ու ավելի լավ հարմարվել եվրոպական չափորոշիչներին»,- ասել է Նեհամերը։
Ավստրիան տասնամյակներ ընթացել է այդ ճանապարհով՝ եվրոպական համաձայնագրեր կնքելով ազատ առեւտրի մասին՝ մինչեւ 1995թ. ԵՄ-ին անդամակցելը, նշել է նա։
Նեհամերը նաեւ ասել է, որ պաշտպանում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի գաղափարը այն երկրների նոր տեսակի քաղաքական եվրոպական հանրույթի ստեղծման մասին, որոնք փորձում են միանալ դաշինքին կամ ցանկանում են ավելի սերտ կապեր ունենալ ու հետեւել ԵՄ արժեքներին։
Ավելի վաղ Ուկրաինան հայտարարել էր, որ իրեն ձանձրացրել են «հատուկ որոշումներն» ու Եվրոպական միությանն ինտեգրման առանձին մոդելները, եւ նա ցանկանում է լիիրավ անդամակցություն։



























