Մեր երկրի անհաջողություններից առաջինը դիվանագիտականն էր, անհաջողությունը միջազգային հարաբերություններում։ Այս մասին այսօր՝ հունիսի 5-ին, Ֆրանսիայի հրապարակում, «Ի՞նչ Հայաստանի համար ենք պայքարում» թեմայով քննարկման ընթացքում ասել է «Հայաստան» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Նա քննադատել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտեցումը միաջզգային հարաբերություններին։

«Նա հայտարարում էր, որ ժողովուրդն իրեն չի ասել, թե ինչ որոշում է ուզում, նա ասում էր, որ իրեն ընտրել է Արցախի ժողովուրդը։ Նա փորձում էր բոյկոտել, ձախողել բանակցային գործընթացը։ Երբ բանակցությունները ձախողվում են, պատերազմ է սկսվում։ Նա գիտակցաբար կամ անգիտակցաբար ձախողեց բանակցությունները։ Նա հակամարտության գնաց միջազգային հանրույթի դեմ, նա լրիվ փչացրեց հարաբերությունները Ռուսաստանի, ՀԱՊԿ անդամ երկրների հետ»,- նշել է պատգամավորը՝ օրինակ բերելով ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին հետ կանչելու եւ մեղադրանք ներկայացնելու պատմությունը, ինչպես նաեւ Փաշինյանի հայտարարությունները այլ երկրներ «հեղափոխության արտահանման» մասին։

Քաղաքական գործիչն ավելացրել է, որ առաջընթաց չկա նաեւ Եվրոպայի հետ հարաբերություններում՝ ինստիտուցիոնալ տեսանկյունից, իսկ ԱՄՆ-ը դեռեւս երբեք Հայաստանին այդքան քիչ արտաքին աջակցություն չի ցուցաբերել, որքան հիմա։ Բացի այդ, փչացել են հարաբերություններն Իրանի հետ։

Խաչատրյանի խոսքով՝պետությունն այսօր կանգնած է կործանման եզրին։

«Իրավիճակն իսկապես շատ բարդ է։ Հավանաբար, անկախության հռչակման այս 31 տարում մենք երբեք նման իրավիճակում չենք եղել։ Հայաստանը կորցրել է իր սուբյեկտայնությունը։ Հավանաբար, Հայաստանի կարծիքն արդեն առանձնապես ուշադրության չեն էլ առնում»,- ընդգծել է ընդդիմադիր քաղաքական գործիչը։

Պատգամավորը հատկապես ընդգծել է Փաշինյանի ձեւակերպումը Արցախի «էթնիկ հայերի» մասին։

«Բայց նա դրա մասին սկսեց խոսել այն բանից հետո, երբ մենք ասացինք, որ «էթնիկ հայեր» արտահայտություն նշանակում է «ազգային փոքրամասնություն», որովհետեւ էթնիկ հայերի մասին խոսելը հայկական Արցախում տրամաբանական չէ։ Մենք կարող ենք խոսել Ստամբուլի էթնիկ հայերի իրավունքների մասին։ Արցախում մենք կարող ենք խոսել էթնիկ ադրբեջանական փոքրամասնության մասին։ Խոսել էթնիկ հայերի մասին հայկական Արցախում նշանակում է փոքրամասնություն Ադրբեջանում։ Դա նշաձողի իջեցում է։ Ավելին, դրանից հետո նա սկսեց ասել ինչ-որ անհասկանալի մի բան, հետո զանգահարեց եւ դժգոհեց Պուտինին, որ իրեն ճիշտ չեն հասկացել»,- նշել է նա՝ նկատի ունենալով Բրյուսելում եռակողմ հանդիպումը Հայաստանի վարչապետի մասնակցությամբ եւ Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի՝ դրան հաջորդող հայտարարությունը։

«Ինչո՞ւ ես նույն հարցը քննարկում տարբեր կողմերի միջնորդությամբ։ Դա խիստ անտրամաբանական է»,- նշել է պատգամավորը։