Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Արմեն Շիրոյանի, մերժեց 17-ամյա Աղասի Խաչատրյանի կալանավորման միջնորդությունը եւ ազատ արձակեց նրան։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց պաշտպան Սերգեյ Հարությունյանը։

«Սա բավական դրական ընթացք կարող ենք համարել գործի համար։ Բացի այդ սա ապացուցում է, որ համակարգում դեռեւս մնացել են ազնիվ եւ պարկեշտ դատավորներ»,- նշեց պաշտպանը։

Հիշեցնենք, որ Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկին՝ կառավարական առանձնատների մոտ, հունիսի 3-ին, ոստիկանների եւ «Դիմադրություն» շարժման մասնակիցների միջեւ տեղի ունեցած բախումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձերբակալվել է անչափահաս՝ 17-ամյա Աղասի Խաչատրյանը։

Նրան մեղադրանք է առաջադրվել զանգվածային անկարգություններ իրականացնելու հատկանիշներով։

«Ուզում են բիծ թողնել երեխայիս կարիերայի վրա». հունիսի 3-ի բախումների քրգործով ձերբակալվել է անչափահաս տղա