Իրաքը, Լիբիան, Մալայզիան եւ Թուրքիան միացել են Հնդկաստանի դեմ բողոքող մի շարք մահմեդական երկրներին՝ բողոքելով Մուհամմեդ մարգարեի մասին երկրի իշխող Հնդկական ժողովրդական կուսակցության նախկին ներկայացուցիչ Նիպուր Շարմայի հայտարարությունների դեմ։

Ինչպես հայտնում է Times of India թերթը, Իրաքի եւ Մալայզիայի արտաքին գործերի նախարարությունները բողոքի ակցիա են իրականացրել այդ երկրներում Հնդկաստանի դեսպանների դեմ: Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության պաշտոնական ներկայացուցիչն ասել է, որ «Հնդկաստանը պետք է քայլեր ձեռնարկի իսլամաֆոբիայի աճի դեմ պայքարելու եւ մահմեդականների կրոնական ազատության ամրապնդման համար»: Լիբիայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Շարմայի վիրավորական արտահայտությունները Մուհամմեդ մարգարեի հասցեին եւ կրոնական հանդուրժողականության, բռնությունից եւ ատելությունից հրաժարվելու կոչ է արել։

Երկուշաբթի Աֆղանստանը, Բահրեյնը, Ինդոնեզիան, Հորդանանը, Մալդիվները, ԱՄԷ-ն, Օմանը եւ Սաուդյան Արաբիան Հնդկաստանին կոչ են արել հարգել բոլոր հավատացյալների կրոնական զգացմունքները: Արձագանքելով այս երկրների հայտարարություններին՝ Հնդկաստանի ԱԳՆ-ն ընդգծել է, որ «հանրապետության կառավարությունը բարձրագույն հարգանք է ցուցաբերում բոլոր կրոնների նկատմամբ»։

Հնդկաստանի արդյունաբերության եւ առեւտրի նախարար Պիյուշ Գոյալը հայտարարել է, որ Մուհամմեդին վիրավորելու հետ կապված աղմուկը չի փչացրել Հնդկաստանի հարաբերությունները մահմեդական երկրների հետ: