Ուկրաինան Եվրամիությանն անդամակցելու թեկնածուի կարգավիճակի այլընտրանքային տարբերակներ չի ընդունի եւ ԵՄ թերահավատ երկրների կողմից որեւէ ռացիոնալ փաստարկ չի տեսնում։ Այս մասին, ըստ «Ուկրինֆորմ»-ի, հայտարարել է երկրի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան։
«Մենք՝ Ուկրաինան, չենք ընդունի թեկնածուի կարգավիճակի (ԵՄ անդամակցության համար) որեւէ փոխնակ տարբերակ կամ այլընտրանք, որքան էլ դրանք վարդագույն լինեն։ Մեզ ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ է պետք՝ ոչ թե թեկնածուի թեկնածու, պոտենցիալ թեկնածուի կամ այլ փոխնակի: Մենք երկար ժամանակ ենք խաղում այս խաղը եւ գիտենք, թե ինչպես է այն աշխատում։ Մենք հասարակ, համեստ մարդիկ ենք, որոնք կբավարարվեն ԵՄ անդամակցության թեկնածուի սովորական ստանդարտ կարգավիճակով, պետք չէ մեզ համար որեւէ առանձնահատուկ բան հորինել»,- ասել է Կուլեբան։
Նա կարծում է, որ Ուկրաինան վաստակել է թեկնածուի կարգավիճակ եւ համապատասխանում է այն ստանալու չափանիշներին։
Նախարարի խոսքով՝ Եվրամիությունում կան թերահավատներ Ուկրաինային թեկնածուի կարգավիճակ տալու հարցում եւ նրանք, ովքեր փորձում են «գայթակղել մեզ ինչ-որ այլընտրանքներով»։ Այս համատեքստում նա նշել է, որ թերահավատորեն տրամադրված երկրների կողմից ռացիոնալ փաստարկներ չի տեսնում։
«ԵՄ-ի թերահավատ երկրներում թեկնածուի կարգավիճակը վերջին հոգեբանական արգելքն է, որը մենք պետք է հաղթահարենք»,- համոզված է ուկրաինական դիվանագիտության ղեկավարը։





























