Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Հասան Ֆիրուզաբադին երեկ` օգոստոսի 9-ին արված հայտարարության մեջ խստորեն քննադատել է Ադրբեջանի կառավարությանը` «իսլամական սկզբունքներին դեմ գնացող միջոցներ ձեռնարկելու համար», հաղորդում են իրանական լրատվամիջոցները :

Ֆիրուզաբադին մասնավորապես նշել  է, թե Ադրբեջանի նախագահը պետք է իմանա, որ ժողովրդի զարթոնքը չի կարելի ճնշել, եւ սպառնացել է, որ Իլհամ Ալիեւին դաժան ճակատագիր է սպասում, եթե նա պատշաճ ուշադրության չարժանացնի իր նախազգուշացումը:

Ուշագրավ է, որ վերջերս Wikileaks-ի հրապարակումներից մեկում անդրադարձ էր կատարվել Ադրբեջանում իսլամական գործոնի ուժեղացման հավանական զարգացումներին: Այսպես, գաղտնի փաստաթուղթը ներկայացրել էր Ադրբեջանում Իրանի գործունեության ուշագրավ մանրամասներ, նաեւ վերլուծություններ Ադրբեջանում ստեղծված դրության վերաբերյալ։ Հրապարակումը հիմնված էր Բաքվում ԱՄՆ դեսպանությունում իրանական գործակալների հաղորդած տեղեկությունների վրա:

2009թ.-ի մարտի 6-ին Պետդեպարատամենտին ուղղված գաղտնի հաղորդագրությունում Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Էնն Դերսին ներկայացրել էր Իրանի գործունեությունը՝ ուղղված իր դեմ կիրառվող պատժամիջոցներից ադրբեջանական կողմին զերծ պահելուն։ Էնն Դերսին նշել է, որ Ադրբեջանում իր դիրքերը ամրապնդելու համար Իրանը օգտագործում է աշխարհագրական դիրքի առավելությունները, լեզվական, մշակութային եւ կրոնական գործոնները` ծրագրելով իսլամական վարչակարգ հաստատել նաեւ Ադրբեջանում:

Այդ նպատակով Ադրբեջանում ակտիվ գործունեություն է ծավալել «Իրանի հասարակական օգնություն» կազմակերպությունը: Վերջինս ֆինանսական օգնություն եւ ցածր տոկոսադրույքով վարկեր է հատկացնում Ադրբեջանի բնակչության անապահով խավերին, ապահովում նրանց բնակարաններով եւ տրամադրում անվճար բուժօգնություն: Ավելին, կազմակերպությունը ուսանողներ է ուղարկում Իրան` կրոնական կրթություն ստանալու եւ հետագայում Ադրբեջանում քարոզչությամբ զբաղվելու նպատակով: Իրանական իշխանությունները նաեւ ֆինանսական միջոցներ են տրամադրում ադրբեջանական հոգեւորականությանը՝ ներքաղաքական եւ հասարակական կյանքում նրա ակտիվությունը ապահովելու համար: ԱՄՆ-ի նախկին դեսպանի հաղորդագրությունում արձանագրվում է, որ Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Վալեհ Ալեսկերովը եւ ամերիկամետ մյուս քաղաքական գործիչները խիստ վտանգավոր են համարում Իրանի Ադրբեջանում ծավալած ակտիվ իսլամիստական քարոզչության հետեւանքները երկրի համար, հատկապես քաղաքական տեսանկյունից: