Այս իշխանությունները իրենց կառավարման չորս տարիներին երկիրը հասցրել են այնպիսի վիճակի, որ իրենցից հետո այլևս կարող է ոչ մի բան չմնալ երկրից, այս մասին Ֆրանսիայի հրապարակում «Հայաստանը երեկ, այսօր և վաղը թեմայով» քննարկման ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«Ցավոք չորս տարի այնպես կառավարեցին, որ երկիրը կանգնեցրել են այնպիսի վիճակի առաջ, որ իրենցից հետո այլևս կարող է բան չլինել, եթե մեր հայրենակիցները հանդարտ, առանց անհանգստության հետևեն այն ամենին, ինչ կատարվում է»,– ասաց նա։
Գեղամ Մանուկյանը անդրադարձավ ընդդիմադիր պատգամավորներ Աննա Մկրտչյանի, Ասպրամ Կրպեյանի և Քրիստինե Վարդանյանի այսօրվա ակցիային, https://news.am/arm/news/706287.html երբ վերջիններս գնացել էին Առողջապահության նախարարություն և իրենց բողոքը հայտնել նախարար Անահիտ Ավանեսյանին, որը երեկ հայտարարել էր, թե հիացած է այս օրերին ոստիկանների գործողություններով, նույնիսկ զարմացած է նրանց ամուր նյարդերի վրա։ Մանուկյանը նշեց, որ պատգամավորները իրավունք ունեն հանդիպելու գործադիրի անդամների հետ և ասելու իրենց ասելիքը։
Խոսելով իշխանական պատգամավորների հայտարարությունների մասին, թե ընդդիմադիր պատգամավորները իրավունք ունեն կարճ ժամկետում հանդիպել գործադիրի ներկայացուցչին, ինչու չեն օգտվել այդ հնարավորությունից և դիմել են ակցիայի ձևաչափին, Գեղամ Մանուկյանը հարց բարձրացրեց, թե եթե դա այդպես է, ապա ինչու մայիսի 30-ին շուրջ երկու տասնյակ պատգամավորի թույլ չէին տալիս մտնել Կառավարության երրորդ մասնաշենք, ինչու այսօր ոստիկանները թույլ չտվեցին պատգամավորներին մտնել «Մարիոթ Արմենիա» հյուրանոց, որտեղ դատական համակարգին նվիրված քննարկում էր։
Գեղամ Մանուկյանը նաև անդրադարձավ մեկնաբանություններին, թե առողջապահության նախարարի հետ հանդիպմանը պատգամավոր Քրիստինե Վարդանյանը զոհված զինծառայողների նկարներն է նետել նախարարի վրա։ Մանուկյանը նշեց, որ դրանք եղել են ոչ թե 44-օրյա պատերազմի մասնակիցների լուսանկարներ, այլ Աբովյանի դիահերձարանում պարկերի մեջ նրանց աճյունների լուսանկարները։











