«Սփյուռքի երիտասարդ առաջնորդների ամառային դպրոց» ծրագրի շրջանակներում 10 երկրներից Երեւան ժամանած երիտասարդները դժգոհել են հայկական ավիաընկերությունների մենաշնորհային դիրքից, որի հետեւանքով ավիատոմսերի գները չափազանց բարձր են:

Այս մասին նրանք նշել են այսօր` օգոստոսի 10-ին, Հանրային Խորհրդի երիտասարդության ենթահանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ:

Երիտասարդների ներկայացմամբ, տոմսերի բարձր արժեքի պատճառով շատ սփյուռքահայեր չեն կարողացել գալ Հայաստան տարբեր ծրագրերին մասնակցելու համար: Նրանք նշել են, որ մեր հայրենակիցներից շատերը նախընտրում են գնալ հանգստանալու այլ երկրներ, քանի որ դա գնային առումով շատ ավելի հարմարավետ է, քան ուղղակի Հայաստանի տոմս գնելը: Այս հարցն անհանգստացնում էր գրեթե բոլոր սփյուռքահայ երիտասարդներին` հատկապես, Հոլանդիայի եւ Ուկրաինայի հայկական համայնքների ներկայացուցիչներին:

Այս ամենի հետ մեկտեղ Ուկրաինայի ներկայացուցիչը նշել է, որ շատ ավելի էժան է ստացվում, երբ Ուկրաինայից  թռչում են Վրաստան, այնուհետեւ այնտեղից որեւէ կերպ հասնում Հայաստան, քանի որ «Արմավիան» Կիեւ-Երեւան ավիատոմսի համար այնպիսի գին է սահմանել, որ շատերը չեն կարող իրենց թույլ տալ օգտվել նրա ծառայություններից:

Այդ ամենի պատճառով այս տարի «Արի տուն» ծրագրի ուկրաինահայ մասնակիցների թիվը կտրուկ նվազել է: Իսկ Հոլանդիայի մասնակիցն իր հերթին նշել է «Արմավիա» ավիաընկերության անարդար արարքի մասին, երբ վերջին պահին Արմավիայի հետ ունեցած իրենց պայմանավորվածությունը դրժվել է, ինչի պատճառով  Հոլանդիայում ապրող շատ հայ երիտասարդներ կրկին չեն կարողացել գալ Հայաստան:

Բարձրաձայնելով առկա խնդիրների մասին` նշվել է նաեւ սփյուռքահայ երիտասարդների համար տեղական հասարակական կազմակերպությունների մասին տեղեկատվության պակասի մասին:

Հանդիպման ընթացքում ձեւավորված ընկերական ու հաճելի մթնոլորտի շնորհիվ նշվել է, որ սփյուռքահայ երիտասարդ առաջնորդների եւ Հանրային խորհրդի երիտասարդական հանձնաժողովի համագործակցությունը կունենա շարունակական բնույթ: