Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը հինգշաբթի օրը իր կայքում տեղադրել է ստատուս քվոյի փոփոխությանը, Էգեյան ծովի եւ Միջերկրական ծովի արեւելյան տարածաշրջաններում միջազգային իրավունքի եւ միջազգային ծովային իրավունքի խախտմանն ուղղված Թուրքիայի ռեւիզիոնիզմի փորձերը ցուցադրող 16 քարտեզ: Այս մասին ասվում է Հունաստանի ԱԳՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

Քարտեզներին կից բացատրություններում ասվում է, որ դրանք արտացոլում են Հունաստանի տարածքային ջրերի, մայրցամաքային շելֆի եւ կղզիների առնչությամբ տարածաշրջանում 1973-2022 թվականներին ստատուս քվոյի վերանայման վերաբերյալ Թուրքիայի պահանջները։ «Մեծ մասշտաբով թուրքական ռեւիզիոնիզմի մասին ավելի խորը պատկերացում տալու համար ներկայացվածղ քարտեզները վառ եւ միանշանակ կերպով ցույց են տալիս Թուրքիայի անօրինական միակողմանի գործողություններն ու պահանջները: Քարտեզները սկսվում են Լոզանի (1923թ.) եւ Փարիզի (1947թ.) պայմանագրերով ամրագրված ստատուս-քվոյից։ Այնուհետեւ ցույց են տրվում թուրքական պահանջները, որոնք սկսվել են 1973 թվականին Էգեյան ծովի հյուսիսում գտնվող Հունաստանի մայրցամաքային շելֆում նավթի որոնման համար թուրքական պետական նավթային ընկերությանը (TRAO) տրված անօրինական լիցենզիայից, ներառյալ Էգեյան ծովի կեսում 80-ականներին որոնողափրկարարական աշխատանքների համար Հունաստանին պատասխանատվությունից զրկելու փորձը, 90-ականների «գորշ գոտիների» տեսությունը, նոր լիցենզիաների հետ կապված էսկալացիան արեւելյան Միջերկրական ծովում, «Կապույտ հայրենիքը» որպես պաշտոնական դոկտրին ընդունելը, «թուրք-լիբիական հուշագիրը», եւ այժմ էլ՝ Էգեյան ծովի կղզիների ապառազմականացման ռեժիմի մասին թուրքական տեսությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ ԱԳՆ-ի՝ վերոնշյալ քարտեզները փաստում են թուրքական ռեւիզիոնիզմի մասշտաբները՝ ուղղված ստատուս քվոյի փոփոխությանը, միջազգային իրավունքի եւ միջազգային ծովային իրավունքի խախտմանը, տարածաշրջանում խաղաղության, անվտանգության ու կայունության համար սպառնալիք ստեղծելուն։