Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հինգշաբթի կոչ է արել Հունաստանին հրաժարվել Էգեյան ծովի կղզիների ռազմականացման քաղաքականությունից՝ սպառնալով պատասխան գործողություններով։
«Եւս մեկ անգամ կոչ եմ անում Հունաստանին զերծ մնալ [Էգեյան ծովում] կղզիների ռազմականացումից եւ հետեւել միջազգային պայմանագրերին։ Չեմ կատակում, լրիվ լուրջ եմ ասում»,- ասել է Թուրքիայի ղեկավարը «Էֆես-2022» զորավարժությունների ժամանակ։
«Մենք սառնասրտորեն ընդունեցինք Հունաստանի սադրանքները, բայց մեր համբերությունը մեր զրուցակցի կողմից սխալ է ընկալվում։ Թուրքիան առանց վարանելու կպաշտպանի իր իրավունքները, երբ դա անհրաժեշտ լինի»,- ասել է Էրդողանը, ում խոսքերը մեջբերում է TRT հեռուստաալիքը։ Նա չի հստակեցրել, թե ինչ պաշտպանության միջոցների մասին կարող է խոսք լինել։
ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան եւ Հունաստանը բազմիցս ռազմական բախումների եզրին են հայտնվել Էգեյան ծովում վիճելի կղզիների կարգավիճակի, տարածքային ջրերի եւ օդային տարածքի սահմանների պատճառով:
Մայիսի 31-ին Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն Հունաստանին մեղադրել էր Էգեյան ծովում կղզիների ապառազմականացման կարգավիճակի խախտման մեջ։ Նրա խոսքով՝ Հունաստանը խախտել է կղզիների կարգավիճակը, դրանք պետք է ապառազմականացնել: Հակառակ դեպքում կբարձրացվի դրանց պատկանելության հարցը, պարզաբանել է նա:





























