Ադրբեջանի որոշ քաղաքներում եւ շրջաններում հողերի սեփականաշնորհման ժամանակ անօրինական գործողությունների համար գույքային հարցերի պետական ծառայության եւ քաղաքապետարանների պաշտոնյաներ են պատասխանատվության ենթարկվել։ Այս մասին հայտնում է haqqin.az-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի գլխավոր դատախազությունը:
«Նշվում է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության գույքային հարցերի պետական ծառայության, ինչպես նաեւ քաղաքապետարանների պաշտոնատար անձանց ապօրինի գործողությունների առնչությամբ հարուցված քրեական գործով Պետական ծառայության Շիրվանի քաղաքային վարչության պետ Նազիմ Սաֆարովը, Ուջարի տարածքային բաժնի ղեկավար Ամիլ Ասլանովը, Ղազախի շրջանի Դաշսալախլիի գյուղի ղեկավար Ասիֆ Յուսիֆովը, Շաքիի շրջանի Գոխմուգի գյուղի ղեկավար Էթիբար Էյվազովը եւ Քյուրդամիրի շրջանի գործադիր իշխանության ղեկավարի ապարատի սոցիալ-տնտեսական զարգացման վերլուծության եւ կանխատեսման վարչության պետի տեղակալ Ռուսլան Ալիեւը գործով նախկինում ներգրավված մեղադրյալների հետ համատեղ մասնակցել են հանցավոր գործունեությանը: Այդպես, հաստատվել են հիմնավոր կասկածները, որ նշված անձինք 2020-2022 թթ. պետական հողերի կառավարման եւ գեոդեզիայի կազմակերպման վարչության պետ Իլդիրիմ Մամեդովի եւ այլ մեղադրյալների հետ դավադրությամբ քաղաքապետարանին պատկանող հողատարածքների նկատմամբ սեփականության իրավունքի, օգտագործման եւ վարձակալության հանձնմանը դրական եզրակացություն տալու դիմաց տարբեր չափերի կաշառքների տեսքով գումարներ են ստացել ֆիզիկական անձանցից:
Քննությամբ հավաքագրված ապացույցներով՝ այդ անձանց (ընդհանուրը՝ 10 մեղադրյալ) մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 308.2 (Պաշտոնեական լիազորությունների չարաշահում ծանր հետեւանքներով), 311.3.1, 311.3.2, 311.3.3 (խոշոր չափերի կաշառք) 312.1 (կաշառք) հոդվածներով:
Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, տնային կալանքը եւ այլն։
«Ներկայումս քննություն է տարվում՝ ապօրինի գործողություններ կատարած այլ պաշտոնատար անձանց հայտնաբերելու եւ պատասխանատվության ենթարկելու համար»,- փոխանցում է լրատվամիջոցը:





























