«Դիմադրություն» շարժումը վաղը՝ առավոտյան ժամը 09.00-ին, կհավաքվի Ֆրանսիայի հրապարակում, ապա կգնա Բաղրամյան 26, որտեղ անցկացվելու է ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի հերթական նիստը, Ֆրանսիայի հրապարակում այս մասին հայտարարեց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։
«Այսօրվա մեր հնչեցրած պահանջները վաղը նույնպես հնչեցնենք, ձևակերպենք, որովհետև դա շատ կարևոր է։ Մենք միասին պայմանավորվել ենք, որ Հայաստան ժամանող ցանկացած պատվիրակության մեր ձայնը պետք է լսելի դարձնենք»,– ասաց նա։
Սաղաթելյանը նաև նշեց, որ աշխատանքային քննարկումների մեջ են, որպեսզի շարժմանը նոր թափ հաղորդեն և պայքարը վերջնական և հաղթական ավարտին հասցնեն, առաջիկայում հանդես կգան անելիքների մասին մանրամասն ծրագրային դրույթներով։
Հիշեցնենք, որ «Դիմադրություն» շարժմանը մասնակիցները քիչ առաջ երթ էին արել Երևանի փողոցներում, իսկ ավելի վաղը բողոքի ակցիա էին արել ԱԳՆ շենքի դիմաց։





























