Երկնաքարերի փոշին, որը հավաքվել է ճապոնական տիեզերական ավտոմատ միջմոլորկային կայանի կողմից, պարունակում է օրգանական նյութ, որը ցույց է տալիս, որ Երկիր մոլորակի վրա կյանքի որոշ կառուցվածքներ կարող էին գոյանալ տիեզերքում, հայտնում է AFP լրատվականը:

«Ռյուգու» երկնաքարից նյութը Երկիր է բերվել 2020 թվականին`300 կիլոմետր հեռավորության վրա կատարված վեցամսյա առաքելությունից հետո, սակայն գիտնականները նոր են սկսել բացահայտել 5,4 գրամ կշռող փոշու գաղտնիքները:

Արևմտյան Ճապոնիայում գտնվող Օկայամա համալսարանի կողմից ղեկավարվող մի խումբ հետազոտողներ հայտարարել են, որ հայտնաբերել են ամինաթթուներ եւ այլ օրգանական նյութեր, որոնք կարող են հուշել Երկրի վրա կյանքի ծագման մասին: Հետազոտությունների համաձայն՝ ամինաթթուների հայտնաբերումը կարևոր է, քանի որ երկնաքարը Երկրին հատուկ կենսոլորտ չունի, եւ այստեղ ամինաթթուների հայտնաբերումը ապացուցում է, որ Երկրի վրա կյանքի առնվազն որոշ կառուցվածքներ կարող էին գոյանալ տիեզերքում:

Ավելի վաղ՝ 2019 թվականին, մեկ այլ ճապոնական տիեզերական ավտոմատ միջմոլորկային կայանի կողմից հավաքված նմուշում էլ հայտնաբերվել են 23 տարբեր տեսակի ամինաթթուներ:

Ենթադրվում է, որ «Ռյուգու» երկնաքարից բերված նյութի մի մասն առաջացել է Արեգակնային համակարգի ի հայտ գալուց մոտ 5 միլիոն տարի անց եւ չի հայտնվել ավելի քան 100 աստիճան Ցելսիուս ջերմաստիճանում: