Բաքուն արձագանքել է իրանական բանակի Գերագույն շտաբի պետ, գեներալ Հասան Ֆուրիզաբադի` Ադրբեջանի նախագահին հասցեագրված կոշտ արտահայտությանն այն մասին, որ նախագահին դաժան ճակատագիր է սպասվում:

«Ֆիրուզաբադը զինվորական է, եւ նրա նմանօրինակ քաղաքական հայտարարությունները տարօրինակ են: Լավ կլիներ, եթե զինվորականը հանդես գար զինվորական, իսկ քաղաքական գործիչը` քաղաքական հայտարություններով»,-հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ նախարարության մամլո-քարտուղար  Էլխան Պոլիխուվը, հաղորդում է SalamNews` վկայակոչելով Qafqazinfo-ին:

Նրա խոսքով, Ադրբեջանում պահպանվում է արտասահմանյան երկրների ներքին խնդիրներին չմիջամտելու սկզբունքը: Բացի այդ, նա նշել է, որ Ադրբեջանում չեն ստեղծելու պայմաններ այլ պետությունների կողմից Ադրբեջանի ներքին գործերին միջոմտելու համար եւ այդպիսի հնարավորություն նրանց չի տրվելու:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Հասան Ֆիրուզաբադին երեկ` օգոստոսի 9-ին արված հայտարարության մեջ խստորեն քննադատել է Ադրբեջանի կառավարությանը` «իսլամական սկզբունքներին դեմ գնացող միջոցներ ձեռնարկելու համար»:

Ֆիրուզաբադին մասնավորապես նշել  է, թե Ադրբեջանի նախագահը պետք է իմանա, որ ժողովրդի զարթոնքը չի կարելի ճնշել, եւ սպառնացել է, որ Իլհամ Ալիեւին դաժան ճակատագիր է սպասում, եթե նա պատշաճ ուշադրության չարժանացնի իր նախազգուշացումը: