Շվեդիան «կառուցողական առաջընթացի» կձգտի Թուրքիայի հետ բանակցություններում՝ կապված ՆԱՏՕ-ին սկանդինավյան երկրի անդամակցելու հարցում Անկարայի առարկությունների հետ: Այս մասին հայտարարել է արտգործնախարար Էն Լինդեն, փոխանցում է Reuters-ը։
Ֆինլանդիան եւ Շվեդիան ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ են ներկայացրել անցյալ ամիս, սակայն բախվում են Թուրքիայի դիմադրությանը, որը նրանց մեղադրում է քուրդ ապստամբներին եւ այլ խմբավորումներին, որոնք նա համարում է ահաբեկիչներ, աջակցելու եւ ապաստան տալու մեջ: Այս առարկությունները զարմացրել են ֆիններին, շվեդներին եւ ՆԱՏՕ-ի շատ պաշտոնյաների ու անորոշություն են մտցրել անդամակցության հայտերի արագ առաջընթացի հեռանկարների հարցում՝ այս ամսվա վերջին Մադրիդում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովից առաջ:
«Մեր հայտը լայն աջակցություն է ստացել ՆԱՏՕ-ի անդամների շրջանում»,- ասել է Լինդեն Շվեդիայի խորհրդարանում: «Մեր նպատակը Թուրքիայի կողմից բարձրացված հարցերի շուրջ կառուցողական ոգով առաջընթաց գրանցելն է»։
Լինդեն հավելել է, որ չպետք է որեւէ կասկած լինի, որ Շվեդիան իր դաշնակիցների հետ միասին ահաբեկչության դեմ է հանդես գալիս։
Անկարան նաեւ քննադատել է Շվեդիայի իշխանություններին՝ 2019 թվականին Թուրքիա զենքի արտահանումը դադարեցնելու համար, երբ երկիրը ներխուժեց Հյուսիսային Սիրիա:
Լինդեն ասել է, որ Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կարող է «փոխել զենքի արտահանման պայմանները մեր ազգային իրավական-նորմատիվ բազայում»:





























