վրամիությունը պետք է առաջարկի մինչեւ 2033 թվականը Արեւմտյան Բալկանների բոլոր վեց երկրների ինտեգրումը ԵՄ-ին, հայտարարել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը՝ դա անվանելով «համարձակ, բայց անհրաժեշտ քայլ»։

Հունաստանում Հարավարեւելյան Եվրոպայի համագործակցության գործընթացի (SEECP) գագաթաժողովին ընդառաջ Politico-ում հրապարակած հոդվածում Միցոտակիսը նշել է, որ ԵՄ-ն պետք է ապացուցի, որ երբ «տեսլական է ներկայացնում, այն իրականացնելու մտադրություն եւ կարողություն ունի»:

Նրա խոսքով՝ ԵՄ-ին անդամակցելու տարածաշրջանի պատկերացումը «լղոզված է հիասթափված քաղաքացիների աչքում», քանի որ վերջին տարիներին ԵՄ ընդլայնումը կանգ է առել անվտանգության, կառավարման եւ միգրացիոն խնդիրների պատճառով:

ԵՄ-Արեւմտյան Բալկաններ գագաթաժողովը նախատեսված է հունիսի 23-ին։

«Իմ ուղերձն այսօր պարզ է՝ սահմանված չափանիշներին համապատասխան՝ եկեք առաջարկենք մինչեւ 2033 թվականը ամբողջ Արեւմտյան Բալկանների ինտեգրումը ԵՄ-ին՝ հավակնոտ, բայց հասանելի ժամանակացույց: Սա վաղուց հասունացել է»,- ասել է Միցոտակիսը: «Առաջին քայլը պետք է լինի երկու շաբաթվա ընթացքում Բրյուսելում Հյուսիսային Մակեդոնիայի եւ Ալբանիայի ճանապարհն ապաշրջափակելու որոշումը»։

Միցոտակիսի նախաձեռնությունն ընդգծել է, թե ինչպես է Հունաստանը փորձում մեծացնել իր դերը Բալկաններում։

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, որն ուրբաթ օրը սկսում է երկօրյա շրջագայությունը Արեւմտյան Բալկաններով, նաեւ նախատեսվում է այցելել Սալոնիկ՝ SEECP-ի 13 անդամների հետ ընթրելու համար: Նրանց կմիանա Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։