Ռուսաստանի եւ Թուրքմենստանի հարաբերություններն ըստ էության ռազմավարական են։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Կրեմլում իր թուրքմեն գործընկեր Սերդար Բերդիմուհամեդովի հետ հանդիպմանը։

«Զարգացնում ենք հարաբերությունները բոլոր ուղղություններով, եւ շատ հաճելի է նշել, որ դրանք, իրոք, ոչ թե ֆորմալ, այլ իրականում ռազմավարական են»,- նշել է նա։ Նրա խոսքով, այն փաստը, որ Թուրքմենստանի նոր նախագահը արտասահմանյան առաջին այցի համար Ռուսաստանն է ընտրել, պետությունների միջեւ հարաբերությունների առանձնահատուկ բնույթի մասին է խոսում։

«Ես շատ ուրախ եմ ձեզ տեսնելու համար, բարի գալուստ Ռուսաստան: Մեզ շատ հաճելի է, որ դուք ձեր առաջին պետական արտասահմանյան այցը կատարում եք մեր երկիր։ Սա եւս մեկ անգամ ընդգծում է մեր հարաբերությունների առանձնահատուկ բնույթը»,- հանդիպման սկզբում ասել է Պուտինը։

Ռուսաստանի Դաշնության նախագահը նշել է, որ կօգտվի Թուրքմենստան այցելելու Բերդիմուհամեդովի հրավերից։

Նշենք, որ հանդիպման արդյունքներով նախատեսվում է Ռուսաստանի եւ Թուրքմենստանի միջեւ ռազմավարական գործընկերության խորացման մասին հռչակագրի ստորագրում։