ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական դոկտոր Կառեն Դոնֆրիդը հունիսի 14-ից 19-ը կայցելի Ադրբեջան, Վրաստան եւ Հայաստան՝ «կարեւորելու ԱՄՆ հանձնառությունը խաղաղությանը, ժողովրդավարությանը եւ բարգավաճմանը Հարավային Կովկասի տարածաշրջանում»- ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության մեջ:
«Նշելով բոլոր երեք երկրների հետ դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը՝ պետքարտուղարի օգնական Դոնֆրիդը կընդգծի ԱՄՆ-ի աջակցությունը դրանց ինքնիշխանությանն ու անկախությանը` ընդգծելով Ադրբեջանի, Վրաստանի եւ Հայաստանի՝ սեփական ուղին ընտրելու իրավունքը: Այն նաեւ կընդգծի Միացյալ Նահանգների՝ Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանն աջակցելու պատրաստակամությունը, այդ թվում՝ աջակցելով քաղաքական, տնտեսական եւ միջանձնային կապերի զարգացմանն ամբողջ տարածաշրջանում»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Պետդեպարտամենտի տվյալներով՝ Դոնֆրիդը հունիսի 15-ին եւ 16-ին կայցելի Բաքու, որտեղ կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, պետական այլ պաշտոնյաների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։
«Պետքարտուղարի օգնականը կընդգծի ԱՄՆ-ի աջակցությունը կայուն խաղաղության հասնելու Ադրբեջանի եւ Հայաստանի դիվանագիտական ջանքերին, շնորհակալություն կհայտնի Ադրբեջանին Ուկրաինային մարդասիրական աջակցության համար եւ կընդգծի գործընկերության կարեւորությունը Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման, անդրազգային սպառնալիքների դեմ պայքարում, հիմնարար ազատություններին աջակցության եւ երկկողմ առեւտրի ու ներդրումների զարգացման գործում»,- ավում է հայտարարության մեջ:
Հունիսի 17-ին պետքարտուղարի օգնականը կայցելի Վրաստան, որտեղ ելույթ կունենա Թբիլիսիի կանանց միջազգային համաժողովին, որը կազմակերպել է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի կողմից։
«Դոկտոր Դոնֆրիդը Թբիլիսիում կհանդիպի նաեւ վարչապետ Ղարիբաշվիլիի եւ կառավարության այլ պաշտոնյաների, ընդդիմության եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ՝ քննարկելու համար Կրեմլի չհրահրված պատերազմն Ուկրաինայի դեմ եւ ԱՄՆ-ի ուժեղ աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը դրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում։ Պետքարտուղարի օգնականը կքննարկի նաեւ, թե ինչպես ԱՄՆ-ն կարող է շարունակել աջակցել Վրաստանին ժողովրդավարական զարգացման եւ օրենքի գերակայության առաջխաղացման, Վրաստանի տնտեսության դիվերսիֆիկացման եւ բարգավաճ ապագայի կառուցման գործում:
Ապա պետքարտուղարի օգնական Դոնֆրիդը հունիսի 18-ին կմեկնի Երեւան, որտեղ կհանդիպի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ կառավարության այլ պաշտոնյաների հետ։ «Պետքարտուղարի օգնականը կհայտնի ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստանի եւ Ադրբեջանի՝ ամուր խաղաղությանն ուղղված դիվանագիտական ջանքերին։ Դա կընդգծի ընդհանուր արժեքների վրա հիմնված մեր ամուր գործընկերությունը եւ մեր փոխադարձ հանձնառությունը Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը»,- ասված է ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության մեջ։





























