Կարտոֆիլի թանկացման հիմնական պատճառն այն է, որ աշնանը չի կազմակերպվել կարտոֆիլի զգալի քանակի պահեստավորում, ինչն էլ շուկայում բերել է կարտոֆիլի դեֆիցիտի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանը` անդրադառնալով վերջին շրջանում կարտոֆիլի գնի ռեկորդային բարձրացմանը:
«Կարտոֆիլի գինը նոր չէ, որ բարձրացել է: Գինը անընդհատ բարձրանում էր, ուղղակի այս մի քանի օրը տհաճ ռեկորդային գներ գրանցվեցին՝ նախորդ տարվա բերքի հետ կապված: Այս մասին ես բարձրաձայնել էի դեռևս աշնանը: Երբ լրատվականներին համապատասխան գերատեսչության ղեկավարը ասում է, որ 35-40 հազար կարտոֆիլ է արտահանվել հանրապետությունից, ես հորդորել էի այդ թվերի հետ զգույշ լինեն.նախորդ տարին անբարենպաստ էր, որի պատճառով բերքատվությունը ցածր էր, մյուս կողմից էլ ցանկատարածություններն էին պակասել: Տարածաշրջանում էլ գրանցվել էր բերքի պակաս և բիզնեսմենները եկան, ֆերմերների հետ խոսեցին, սկսեցին կարտոֆիլը արտահանել: Դեռևս այն ժամանակ պետությունը պետք է գործիքակազմ կիրառեր և այդ պահին օպերատիվ լուծում տային, պահուստային ֆոնդ ստեղծեին, թեկուզ հազար կամ երկու հազար տոննա կարտոֆիլ: Այս շրջանում այն շուկա դուրս կբերեին և գները կբալանսավորվեր: Այնպես չէր, որ կլիներ ցածր գներ, բայց գոնե էս կարգի տհաճ գներ չէին լինի»,- ասաց նա:
Մյուս կողմից էլ, ըստ Աշոտ Հարությունյանի, նոր բերքն է ուշանում, քանի որ գյուղատնտեսական տարին ուշ ենք սկսել, սակայն սա էլ չի լուծի առկա խնդիրը:
«Բայց էնպես չի, որ նոր բերքը կբերի գների կտրուկ իջեցման: Նոր արտադրված բերքը ինքնարժեքով բավականին բարձր է, քանի որ ունենք սարսափելի բարձր դիզվառելիքի, պարարտանյութի գներ: Բացի այդ կարտոֆիլի հիմնական ցանկատարածքները այս տարի պակասել են: Եթե նախկինում՝ Արարատի մարզում առաջին վաղ բերքը կազմում էր շուրջ 800 հեկտար, իսկ Արմավիրի մարզում շուրջ 1600 հեկտար, ապա հիմա պակասել են այս ցանկատարածքները: Եվ կարտոֆիլի աճեցման դեպքում, ինքնարժեքի ձևավորման մեջ մոտ 70% կազմում է տնկանյութը: Իսկ եթե տնկանյութը մարդիկ արդեն գնել են թանկ, նշանակում է արդեն ինքնարժեքը բարձր է: Նշանակում է, որ ինչքան էլ նոր բերքը գա, բալանսավորի, միևնույն է գինը բարձր է լինելու»,- նա:











