Հայ երիտասարդները ծրագիր են ստեղծել, որը հնարավորություն է տալիս գումար փոխանցել այնպիսի հավելվածներով, ինչպիսիք են՝  Viber-ը, Whats App-ը, ը, Instagram-ը։

Text’nPayMe ծրագիրը հիմնել են ծրագրավորողներ Արթուր Կարապետյանն ու Միհրան Բաբայանը։ Նրանց մի քանի ամսվա ընթացքում հաջողվել է շահագործել ծրագիրը։

Text’nPayMe ծրագիրը աշխատում է նամակով ուղարկված հրամանի միջոցով։ Օգտատերը ներբեռնում է հավելված ստեղնաշարը, որով օրինակ, Messenger-ի միջոցով կարող է գումար փոխանցել ֆեյսբուքյան իր ընկերոջը։

«Օրինակ, Whats App-ն ու Facebook-ը ԱՄՆ–ում իրենց օգտատերերին ներկայացրել են իրենց միջոցով գումար ուղարկելու հնարավորությունը, սա նշանակում է, որ որոշ ժամանակ անց նրանք փորձելու են դառնալ  բանկեր, քանի որ նրանք ունեն օգտատերեր եւ իրենց մնում է բանկային մի քանի լիցենզիա ստանալ եւ դառնալ լիարժեք բանկ։ Եվ մենք մտածեցինք, թե ինչ ծրագիր կարող ենք ստեղծել, որը միաժամանակ կարող է աշխատել բոլոր սոցիալական ծրագրերում եւ միաժամանակ ուղարկել գումար։ Եկանք այն մտքին, որ դա հնարավոր է անել ստեղնաշարի միջոցով, քանի որ մեր սմարթֆոններում դա այն ծրագիրն է, որից ամենաշատն ենք օգտվում, եւ ինչու ոչ, այն կարող է դառնալ համապատասխան վայր բանկային սերվիսներ ինտեգրելու համար»,– NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Text’nPayMe  ծրագրի համահեղինակ Արթուր Կարապետյանը, որը ստարտափը հիմնադրել է ընկերոջ՝ Միհրան Բաբայանի հետ։

Հեղինակները վստահեցնում են, որ ծրագիրը ռիսկեր ու վտանգներ չունի. այն այնպես են ծրագրավորել, որ դառնա բանկային հավելվածի մաս։ 

Text’nPayMe–ն Buissup Global Forum–ի 2021 թվականի 10 հաղթողներից է։ Ֆորումի շնորհիվ նրանք կարողացել են ներդրողներ գտնել եւ զարգացնել իրենց բիզնեսը։

Այժմ ծրագրի վրա աշխատում են 7 հոգով, մտադիր են այն հասանելի դարձնել նաև Հայաստանի սահմաններից դուրս։

«Մեր պլաններում կա մինչեւ մյուս ամսվա կես ծրագիրը մեկնարկել Ֆրանսիայում, ինչը հնարավորություն կտա գործել Եվրամիության տարածքում, մենք նաեւ ռազմավարական գործընկեր ունենք, ում միջոցով պլանավորում ենք ծրագիրը մեկնարկել Մեքսիկայում»,– նշեց Արթուրը։

Արթուրը բիզնես գաղափար ունեցող իր նման երիտասարդներին խորհուրդ է տալիս չկասկածել սեփական գաղափարները իրագործելու հնարավորությունների վրա։

«Պետք է չլսել, թե կողքինները ինչ են ասում։ Դա հենց այն միտքն է, որն ինձ օգնել է զրոյից հասնել այս կետին։ Չհանձնվեք, եթե անգամ ասում են՝ ձեր միտքը բիզնես չի դառնա։ Եթե դուք դրանում վստահ եք, ապա ջանքեր գործադրեք ու ինքներդ ձեզ ցույց տվեք, որ ձեր միտքը այն բիզնես միտքն էր, որն իրավունք ուներ ստեղծվելու եւ համաշխարհային նորույթ դառնալ»,– հավելեց Text’n Pay Me ծրագրի համահեղինակը։