Չինաստանը դեմ է արտահայտվել Հարավչինական ծովի եւ Թայվանի շուրջ ընթացքող «Շանգր Լա» 19-րդ երկխոսության ընթացքում Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի կողմից արված հայտարարություններին՝ դրանք անվանելով Չինաստանի դեմ կեղծ մեղադրանքներ եւ անհիմն պնդումներ, հայտնում է Xinhua լրատվականը:

Կենտրոնական ռազմական հանձնաժողովի միացյալ շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Չժան Չժենժուն ճեպազրույցի ընթացքում նշել է, որ Հարավչինական ծովի օդային տարածքում այլ երկրների օդանավերը «ոչ պրոֆեսիոնալ կերպով եւ հաճախակի որսալու» մասին հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը: Նա նշել է, որ այն տարածքը, որտեղ իրադարձությունը տեղի է ունեցել չինական Սիշա եւ Նաշա կղզիների օդային տարածքն է, ո՛չ թե ԱՄՆ դաշնակիցների, եւ Չինաստանը պարտավոր է՝ իր ինքնիշխանությունն ու անվտանգային շահերը պաշտպանելու նպատակով անհրաժեշտ պատասխան քայլեր ձեռնարկի:

«Մեր ձեռնարկած քայլերն իրագործվում են պրոֆեսիոնալ ձեւով եւ անվտանգ», - հավելել է Չժենժուն:

Անդրադառնալով «Հարավչինական ծովի ռազմականացում» արտահայտությանը՝ շտաբի պետի տեղակալը նշել է, որ այն ավելի հարմար է ԱՄՆ-ին, քանի որ հաճախ ռազմական նավեր եւ ինքնաթիռներ է ուղարկում Հարավչինական ծովի չինական կղզիների եւ ժայռերի տարածք եւ փոքր հեռահարության ռազմական հետախուզական ու նպատակային զորավրժություններ իրականացնում:

«Մենք մեր տարածքում անհրաժեշտ պաշտպանական միջոցներ ենք տեղադրել, ինչը ինքնիշխան երկրի բնական իրավունքն է: Դա անհրաժեշտ պատասխան է նաև այլ կողմերի սադրիչ գործողություններին։ Արդարացի կլինի նշել, որ Միացյալ Նահանգներն ամենամեծ ուժն է, որը ձգտում է Հարավչինական ծովի ռազմականացմանը»,- ասել է գեներալ-լեյտենանտը եւ ընդգծել, որ Հարավչինական ծովում երբեք խնդիր չեն եղել, քանի դեռ դրանք ԱՄՆ-ի կողմից չեն ստեղծվել:

Թայվանի մասին Օսթինի խոսքերը Չինաստանի ներքին գործերին միջամտություն որակելով՝ Չժենժուն Վաշինգտոնին կոչ է արել դադարեցնել «թայվանական խաղաքարտի» կիրառումը:

«Թայվանի խնդիրը կարող է հեշտությամբ լարել Չինաստան-ԱՄՆ հարաբերությունները եւ այս հարցի սխալ լուծումը կործանարար ազդեցություն կունենա երկկողմ հարաբերությունների վրա», - ասել է գեներալ-լեյտենանտը եւ ընդգծել, որ ժողովրդա-ազատագրական բանակը միշտ պատրաստ է ցանկացած գնով վճռականորեն պաշտպանել ազգային ինքնիշխանությունը, անվտանգությունը եւ տարածքային ամբողջականությունը: